ՀՀ կառավարությունը նախատեսում է շուրջ 2,47 մլրդ դրամ ուղղել արտահանողներին հոկտեմբեր ամսվա փոխհատուցումների տրամադրմանը՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աջակցության ծրագրերի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը նախատեսում է շուրջ 2,47 մլրդ դրամ ուղղել արտահանողներին հոկտեմբեր ամսվա փոխհատուցումների տրամադրմանը՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աջակցության ծրագրերի շրջանակում։
Որոշման հիմնավորման համաձայն՝ 2026 թ.ի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն արտահանվել է շուրջ 10915 տոննա ծիրան, 3286 տոննա սալոր, 5431 տոննա դեղձ կամ նեկտարին, 759 տոննա խնձոր, 925 տոննա խաղող, 363 տոննա թուզ։
Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը միրգ է արտահանվել 25 երկիր։
Հունիս-օգոստոս ամիսներին արտահանվել է շուրջ 245 տոննա տոմատի մածուկ, 754․0 հազար լիտր շշալցված խաղողի գինի, 818 հազար լիտր շշալցված պտղահատապտղային գինի, 3․1 մլն բացարձակ լիտր շշալցված հայկական բրենդի կամ հայկական կոնյակ, 2․6 մլն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 232 տոննա չորացրած միրգ կամ բանջարեղեն և 73․0 տոննա թառափ ու 81․0 տոննա իշխան տեսակների ձուկ։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է շուրջ 15000 տոննա դեղձ և շուրջ 130 տոննա թուզ։
Արտահանման դինամիկայի վերլուծության համաձայն՝ հոկտեմբերին ծրագրի շրջանակում կանխատեսվում է շուրջ 200 տոննա ելակի, մոտ 2 550 տոննա բանջարեղենի, 5,6 մլն հատ վարդի և 1,4 մլն հատ այլ ծաղիկների արտահանում։
Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող առանձին ապրանքների համար փոխհատուցումը հոկտեմբեր ամսին ևս տրամադրումը։
Արտահանման սահմանափակումների մասին
2026 թ.-ին հայ արտահանողները բախվեցին Ռուսաստանի կողմից Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարման և ռուսական տարածքով դեպի ԵԱՏՄ դրանց տարանցման սահմանափակումներին։ Որպես պատճառ նշվում էին բուսասանիտարական պահանջների խախտումները։
Այս ֆոնին Հայաստանի կառավարությունն ընդլայնեց արտահանողների աջակցության միջոցառումները, այդ թվում՝ այլընտրանքային շուկաներ դուրս գալու համար։ Մասնավորապես, հունիսին հաստատվեց գյուղատնտեսական արտադրանքի մի շարք տեսակների և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը, որի նպատակներից մեկը սպառման շուկաների դիվերսիֆիկացումն է։