ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից


Ամերիկյան ուժերը լքել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Թանֆ ռազմաբազան, որը գտնվում է Հորդանանի և Իրաքի սահմանների մոտ, ու տեղափոխվել են Հորդանանի տարածք։ Այդ մասին հայտնել է AFP-ն՝ հղում անելով սիրիական երկու ռազմական աղբյուրի։


Նրանց խոսքով՝ զորքերի դուրսբերումն ավարտվել է, ամերիկյան կողմն էլ վերջին 15 օրվա ընթացքում դուրս է բերել սարքավորումները։ Մի աղբյուր պարզաբանել է, որ սիրիական ստորաբաժանումներն արդեն սկսել են տեղակայվել ռազմաբազայում:


Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ բանակի ստորաբաժանումներն ամերիկյան կողմի հետ համակարգված վերահսկողության տակ են վերցրել Ալ-Թանֆ ռազմակայանը: Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ զինված ուժերը մտադիր են շարունակել համակարգումը Հորդանանից։


Մինչև վերջերս ամերիկյան զինուժը տեղակայված էր Սիրիայի հյուսիս-արևելքում, որը վերահսկում էին քրդական կազմավորումները, ինչպես նաև Ալ-Թանֆ ռազմաբազայում, որն առանցքային դեր էր խաղում միջազգային կոալիցիայի գործողություններում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Բազան ստեղծվել է 2014 թվականին՝ որպես Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիայի գործողությունների հիմնական կենտրոն։

Leave a comment