«Հրապարակ». Ուսուցիչ է ձերբակալվել, այս անգամ Իջևանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ին Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալվարդ Պետրոսյանը ձերբակալվել է, ապա ազատ արձակվել: Ուսուցչուհին դասի ժամանակ տետրով հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչից հետո աշակերտի հայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր երեխային ուսուցիչը ֆիզիկական ցավ է պատճառել: Իջևանից մեզ ասացին, որ Ալվարդ Պետրոսյանը դպրոցի ամենահին և սիրված ուսուցիչներից է, սակայն դա ծնողին հետ չի պահել իրավապահներին դիմելուց: Մանկավարժին տարել են ոստիկանություն, մեկ օր պահել և հաջորդ օրն ազատ արձակել: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն Իջևանի թիվ 1 դպրոցի շրջանավարտ է:
«Հրապարակի» հետ զրույցում ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով. «Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Իջևանի բաժնում ստացված հաղորդումով կազմված փաստաթղթերն ու նշված անձը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն»: Այլ մանրամասներ չհայտնեցին:
Դպրոցի տնօրեն Մանե Ղազումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ընթացիկ խնդիր է, ոչ մի լուրջ բան` կլուծվի: Խնդրում եմ այլ հարցեր չտաք: Եթե եղել էլ է նման բան, խնդիրը կարող է լուծվել և լուծվել է արդեն: Ոչ մի խնդիր հիմա չկա: Երեխայի հետ ոչ մի խնդիր չկա»: Նկատենք, որ վերջին շրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ ուսուցիչը հայտնվում է ոստիկանությունում` աշակերտին հարվածելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում