«Որոշ հարցերի շուրջ կարող են լինել տարբեր մոտեցումներ»․ Ֆիդանը՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի (CICA) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով, որ դրանք դիմակայել են բազմաթիվ պատմական մարտահրավերների և հիմնված են ամուր ռազմավարական հիմքերի վրա։

««Երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքը դրսևորվում է բոլոր ոլորտներում: Մեր առաջնորդների միջև կա բարեկամության և եղբայրության անսասան կապ: Այս կապը փորձարկվել է շատ դժվար ժամանակներում, պատերազմի և ճգնաժամի ժամանակներում»,- ասել է նա։;

Ֆիդանը նշել է, որ չնայած որոշ հարցերի շուրջ ժամանակ առ ժամանակ կարող են լինել տարբեր մոտեցումներ՝ այդ տարբերությունները չպետք է օգտագործվեն երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները խաթարելու համար։ Ընդգծելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում, շարունակելու են վճռորոշ նշանակություն ունենալ՝ Ֆիդանն ասել է, որ անհրաժեշտ է խուսափել այդ հարաբերությունները թուլացնող գործողություններից։

«Մենք հին ազգ ենք։ Մենք մեր սեփական խնդիրները կքննարկենք քաղաքակիրթ ձևով, մեր անցյալին վայել  ձևով»,- ասել է նա։

Ֆիդանը հայտարարել է, որ պետք չէ սոցիալական ցանցերի միջոցով տարբեր կարծիքները քարոզչության գործիք դարձնել, և որ ինքն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են այս հարցը հանդիպման ժամանակ։

Նշելով, որ երկու կողմերն էլ ջանքեր են գործադրում խնդրի շահարկումը կանխելու և երկու երկրների միջև եղբայրությանը նոր խոչընդոտներ չստեղծելու համար, Ֆիդանն ասել է, որ բոլոր կողմերը պետք է զգայունություն ցուցաբերեն այդ հարցում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի դպրոցներում աշակերտների և ուսուցիչների համար սահմանված հիջաբ կրելու արգելքը բուռն քննադատություններ է առաջացրել Թուրքիայում, որը լարվածություն է առաջացրել երկու երկրների հարաբերություններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment