Իլխամ Ալիևի հերթական հոխորտանքն ու «հումանիզմի» մասին էժանագին դասերը բարոյական սինկրետիզմի, կեղծիքի և անհոգի ցինիզմի գագաթնակետն են։ Մի բռնապետ, որի ռեժիմը տարիներ շարունակ սնվել է հայատյացությամբ, պատերազմական հանցագործություններով և խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությամբ, այսօր փորձում է իրեն ներկայացնել որպես «բարոյականության» ու «վեհանձնության» մարմնավորում։
Սա միայն քաղաքական լկտիություն չէ. սա բարոյական կեղծ դիմակ է, որը պատռվում է հենց առաջին իսկ փաստից։
Ո՞վ է խոսում «հումանիզմից». Այն բռնապետը, որի ռազմական ուժերը ռազմադաշտում և դրանից դուրս տեսախցիկների առջև խոշտանգում, սպանում և պղծում էին հայ գերիներին ու տարեցներին։ Ռեժիմ, որը պարգևատրում և ազգային հերոս էր դարձնում քնած հայ սպային կացնահարած հանցագործին։
Ո՞վ է խոսում «սերունդներ խնայելուց». Մի ղեկավար, որն իր սեփական ժողովրդի դպրոցական դասագրքերում սերմանել է միայն ատելություն, թշնամանք և բռնություն՝ սերունդներին թունավորելով հայատյացությամբ։
Ո՞վ է խոսում «բարբարոսությունից». Մեկը, ով Արցախի լիակատար շրջափակման միջոցով ամիսներ շարունակ սովի էր մատնում տասնյակ հազարավոր երեխաների, կանանց ու տարեցների՝ զրկելով նրանց տարրական կենսապահովումից և բժշկական օգննությունից։
Ալիևի հայտարարությունները «սեփական վեհանձնության» մասին ոչ այլ ինչ են, քան սեփական պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները և միջազգային իրավունքի ոտնահարումները թաքցնելու անհաջող փորձ։
Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել։
Պատմությունը և միջազգային փաստահավաք տվյալները հստակ արձանագրել են իրականությունը։ Ոչ մի ճառ, ոչ մի կեղծ հռետորաբանություն չի կարող լվանալ այն արյունն ու ավերածությունները, որոնք թողել է այս ռեժիմը։ Իսկ բարոյական բարձրունքի մասին խոսելուց առաջ Ալիևը նախ և առաջ պետք է նայի սեփական ռեժիմի գործած հանցանքների հայելուն։