Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել քննարկումներ՝ էներգետիկ համակարգերը միմյանց միացնելու և անհրաժեշտության դեպքում փոխադարձաբար էլեկտրաէներգիա գնելու հնարավորությունների շուրջ: Այս մասին առաջնորդների գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 8-ին Գորիսում կայացած հանդիպումը երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուների արդեն երկրորդ նմանատիպ շփումն էր: Ըստ նախարարի՝ քննարկվել է ենթակառուցվածքների վերականգնումը, որպեսզի կողմերը կարողանան միմյանց հետ էլեկտրաէներգիայի առևտուր իրականացնել:
«Մենք այս ընթացքում ուսումնասիրել ենք առկա ենթակառուցվածքները։ Փոքր ներդրումների արդյունքում դրանք արդեն պատրաստ են, և կարող ենք անցնել ավելի գործնական փուլի։ Հայաստանի ռազմավարությունն է՝ որքան հնարավոր է մեծ թողունակությամբ և տարբեր հատվածներով կապվել հարևան երկրների էներգահամակարգերին, ինչպես անում ենք Իրանի և Վրաստանի հետ»,-պարզաբանեՑ Խուդաթյանը։
Նախարար նաև չբացառեց, որ Հայաստանը Ադրբեջանից հոսանք գնելու կարիք հնարավոր է ունենա, քանի որ արհեստական բանականության տվյալների կենտրոնների ու գործարանների զարգացման հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման ծավալները երկրում կտրուկ աճում են:
Անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցմանը՝ Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ եթե նախկինում դիտարկվում էր միայն 400-450 ՄՎտ հզորությամբ փոքր մոդուլային ռեակտորների տարբերակը, ապա այժմ քննարկվում են նաև այլ հզորության կայանների առաջարկներ:
«2027 թվականի տարեսկզբին մոդելի ընտրության հարցում վերջնական որոշում կունենանք, կհայտարարենք այդ մասին և կանցնենք գործնական փուլին՝ նախագծմանն ու շինարարությանը: Մինչ այդ, Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է ևս 10 տարով, և այն կգործի այնքան ժամանակ, քանի դեռ համակարգին նոր ատոմակայան չի միացվել», ընդգծեց ՏԿԵ նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Անի Թամրազյան