Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովը։ Միջոցառման նպատակն է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության միջոցով խթանել կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջազգային համագործակցությունն ու արագացնել գլոբալ բնապահպանական նպատակների իրականացումը։
Գագաթնաժողովը մեկօրյա միջոցառում է, որի շրջանակում նախատեսվում է համախմբել պետությունների և կառավարությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների, մշակույթի գործիչների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներկայացուցիչների։ Այն նպատակ ունի քաղաքական նոր խթան հաղորդել կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողություններին և համակարգել միջազգային ջանքերը։
Գագաթնաժողովն անցկացվում է «Առաջնորդներ՝ հանուն բնության» («Leaders for Nature») կարգախոսով։ Այն նախորդում է հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք COP17 համաժողովին, որի ընթացքում երկրներն առաջին անգամ համատեղ գնահատելու են Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23 նպատակների իրականացման առաջընթացը։