Էդուարդ Բաբայանը` Ծառուկյանի հետ հարաբերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ իր հարաբերություններին, իշխանությունների հետ համագործակցությանը և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին։

Factor TV-ի հարցին, թե արդյոք ինքն այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից է, Բաբայանը հակադարձեց․ «Ես տենց բան եմ հայտարարել՞»։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունների լարվածությանը և նրա կալանավորմանը՝ Բաբայանը հրաժարվեց գնահատականներ տալ:

«Ո՞վ ա ասում՝ լարվել ա։ Իրանից էլ հարցրեք, ես չգիտեմ։ Չեմ մեկնաբանում»,- ասաց նա:

Բաբայանը նաև չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը համարո՞ւմ է քաղաքական հաշվեհարդար՝ նշելով, որ դատական նիստեր են ընթանում։

Factor TV-ի դիտարկմանը, թե առաջիկա ընտրություններին ինքը մասնակցելու է «Գործարար» կուսակցությամբ, որը տարբեր համայնքներում կոալիցիաներ է կազմում ՔՊ-ի հետ, Բաբայանն արձագանքեց․ «Դե, որ ասոցացվեր, դաշինք կկազմեինք»։

Խոսելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով իր անցնելու մասին՝ Աբովյանի քաղաքապետը հայտարարեց, որ ապօրինի չի հարստացել:

«Ես Կառավարության անդա՞մ եմ եղել։ Որտե՞ղ եմ աշխատել, որ ապօրինի հարստանայի»,- ասաց Բաբայանը:

Հարցին՝ բացառո՞ւմ է արդյոք, որ Դատախազության պահանջած գույքից որևէ բան կփոխանցի պետությանը, Էդուարդ Բաբայանը վստահ պատասխանեց․ «Իհա՛րկե բացառում եմ։ Ինչի՞ պիտի փոխանցեմ»։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովը։ Միջոցառման նպատակն է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության միջոցով խթանել կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջազգային համագործակցությունն ու արագացնել գլոբալ բնապահպանական նպատակների իրականացումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Թամրազյան

Leave a comment