Ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի շուրջ բարձրացած աղմուկն ու Թուրքիայից հնչող քննադատությունները քննարկումների առիթ են դարձել թուրք-ադրբեջանական հնարավոր ճգնաժամի վերաբերյալ։ Factor TV-ի եթերում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ, թուրքագետ Նելլի Մինասյանն անդրադարձել է այս և տարածաշրջանային այլ զարգացումներին։
Խոսելով այն մասին՝ արդյո՞ք խաթարվում է «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը, թուրքագետը հորդորում է չշտապել գնահատականներում։
«Նախ՝ միանգամից ասեմ, որ կշտապենք այդպիսի բան ասել: Ընդհանրապես, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում ճգնաժամեր եղել են, այնպես չէ, որ նախորդ տասնամյակների ընթացքում ճգնաժամեր չեն եղել, և ես կարծում եմ, որ դա նորմալ է… Երկու պետություններն ունեն առանձին հետաքրքրություններ և առանձին ազգային շահեր, որն այս պարագայում այդպես բացահայտ երևում է, որ կա որոշակի տարաձայնություն երկուսի միջև։ Սա առայժմ տարաձայնություն է, որն ունի պոտենցիալ՝ վերածվելու առճակատման»,- ասում է նա։
Ըստ Մինասյանի՝ հիջաբի թեման խորքային այլ խնդիրների քողածածկույթ է. «Որովհետեւ խնդիրը ամենևին հիջաբի հետ չի կապված… Հիջաբի խնդիրը էստեղ ընդամենը առիթն է բարձրաձայնելու դժգոհությունները, որոնք որ Թուրքիայում կուտակվել են… Սա կապված է, առաջին հերթին, Իսրայելի գործոնի հետ, որովհետև Թուրքիայում այս գործողությունների հետևում տեսնում են Իսրայելի ազդեցությունը… Քանի որ Թուրքիան ունի Իսրայելի հետ լարված հարաբերություններ, բնականաբար սա ինչ-որ մի պահի ազդելու է Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների վրա։ Իմ կարծիքով՝ այս դեպքում ավելի շատ թուրքերն են պահանջում դիրքորոշման հստակեցում (Ադրբեջանից – խմբ․)»։
Անդրադառնալով երկու երկրների տնտեսական և ռազմական ազդեցության լծակներին՝ փորձագետը նշում է, որ թեև փոխադարձ ներդրումները գրեթե նույն չափի են, Թուրքիան վերահսկողություն է սահմանել Ադրբեջանի ուժային կառույցներում. «Պատերազմում թուրք գեներալներն են գլխավորել էդ ամբողջ օպերացիաները… Ուրեմն, ուժային կառույցներում են մեծ ազդեցություն ձեռք բերել… Էսօր ադրբեջանական բանակի սպայական կազմի հիմնական մասը սովորել, վերապատրաստվել է Թուրքիայում»։
Կրոնական փափուկ ուժի կիրառման տեսանկյունից Թուրքիան Ադրբեջանում հստակ նպատակներ ունի՝ հակակշռելու իրանական ազդեցությանը։
«Քանի որ այստեղ մենք գործ ունենք շիիզմի հետ, և իրանական մշակութային ազդեցության հետ, Թուրքիան իր համար խնդիր է դրել, որ շիիզմը կրճատվի։ Վերջին տարիներին բավականին ադրբեջանցիներ կրոնը փոխել են դեպի սուննիզմ։ Իսկ սուննիզմը, խոսքն արաբական սուննիզմի մասին չէ, այլ թուրքական, անատոլիական, որն իրենք այսպես վերակառուցել են և իրենցն են համարում»,- նշում է թուրքագետը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում Ռուսաստանի հնարավոր միջամտությանը կամ այս գործընթացների վրա ազդեցությանը, Նելլի Մինասյանն արձանագրում է. «Ես ասեմ, որ Ռուսաստանին չեն հաշվում այս խաղերի մեջ, որովհետեւ Ռուսաստանը չունի այդ լծակները։ Ամբողջը կորցրել են, այնտեղ չի կարող ազդել այդ պրոցեսների վրա։ Այստեղ լուրջ ազդեցություն ունեն իսրայելցիները, բրիտանացիները»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան