«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևը հերթական հակահայկական հայտարարությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության VII գագաթնաժողովում ունեցած ելույթում կրկին հիշատակել է Հայաստանն ու ադրբեջանական քարոզչամեքենային բնորոշ կեղծ  մեղադրանքներ հնչեցնել։

Նա 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբն «իմիտացիոն» է որակել, հայտարարելով, թե, իբր, «ռազմական հանցագործներն ու երեխաների մարդասպանները մինչ օրս արժանի պատիժ չեն կրել»։

«Հայաստանի ներկայիս վարչապետն այն ժամանակ օկուպացված Ղարաբաղում հայտարարել է, թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Այս բոլոր ապօրինությունների վրա, այսպես կոչված, միջազգային հանրությունն աչք էր փակում։ Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր պնդում իր իսկ ընդունած բանաձևերի կատարումը։ Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպայի խորհուրդը մշտապես թիրախավորում էին շարունակվող ագրեսիայի զոհ դարձած Ադրբեջանին և խրախուսում ագրեսորին՝ Հայաստանին»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե «Հայաստանի նախորդ կառավարությունը և Ադրբեջանին վնաս հասցրած նախագահները դեռևս չեն ստացել իրենց արժանի պատիժը»։

Ալիևը հերթական անգամ փորձել է կեղծ թեզերով արդարացնել 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիան ու 2023-ին հայ բնակչության էթնիկ զտումը։

«2023 թվականի սեպտեմբերին ընդամենը մեկ օրից էլ պակաս ժամանակում Ղարաբաղում Հայաստանի օկուպացիոն բանակը ջախջախվեց, իսկ անջատողականների առաջնորդները՝ երեխաների մարդասպանները, կանգնեցին ադրբեջանական դատարանի առաջ։Իր էությամբ և ձևով սա Նյուրնբերգյան տրիբունալի անալոգն էր։ Միայն թե այս անգամ ամբաստանյալի աթոռին նստած էին հայ ֆաշիստները։ Նրանք, ովքեր մեզ սպառնում էին, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր ադրբեջանական թեյ են խմում մեր բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են Ռազմական ավարի պուրակում։Եթե Հայաստանի դեմ ժամանակին պատժամիջոցներ սահմանվեին օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների համար, Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում կոտրել հայկական ֆաշիզմի ողնաշարը։ Պատերազմը մեր ընտրությունը չէր․ մեզ պատերազմի դրդել է  Հայաստանը»,- հերթական կեղծ մեղադրանքներն է հնչեցել Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հավելել է՝ իրենք խաղաղություն են առաջարկել և արդեն մեկ տարուց մի փոքր ավելի է՝ ապրում են խաղաղության պայմաններում։Ըստ նրա՝այդ խաղաղությունը դեռևս փխրուն է, և այն պետք է պաշտպանել ու ամրապնդել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment