Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների/էքսկլավների հարցով տարբեր հնարավորություններ կան, որոնք քննարկվել են և դեռ կքննարկվեն խորությամբ, ընդ որում՝ երկու կողմից էլ առկա է կառուցողական մոտեցում, իսկ եթե որևէ լուծման արդյունքում Հայաստանի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքի փոփոխություն նախատեսվի, ապա այդ հարցը պետք է լուծվի համաժողովրդական քվեարկությամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ սահմանների այս ու այն կողմում անկլավներ չեն լինելու, և արդյո՞ք հնարավոր է, որ Արծվաշենը մնա Ադրբեջանին, իսկ Տիգրանաշենը՝ Հայաստանին, Արարատ Միրզոյանը նշեց․
«Չեմ ուզում կանխորոշել որևէ պայմանավորվածություն, բայց կարող եմ ասել, որ այս հարցը, եթե այդպիսի… այսինքն՝ Հայաստանի ճանաչված 29,743 քառակուսի կիլոմետրից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության և որևէ բան ստացվի, այսինքն՝ այս տարածքի փոփոխություն պիտի լինի, գիտեք՝ սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է, և այդպես էլ կլինի, սրանից հնարավոր չի խուսափել»։
Անդրադառնալով անկլավների հնարավոր փոխանակման տարբերակներին՝ ՀՀ ԱԳ նախարարը պարզաբանեց, որ դիտարկվող սցենարները բազմազան են։
«Ձեր ասածը, այո՛, լուծումներից մեկն է։ Կարող են, ուրեմն, անկլավները, որոնք երկրներն ունեցել են, մեկը մնա մյուսին, մյուսը մնա մյուսին, կարող ա փոխանակվեն, կարող են ուրիշ տարբերակներ լինել տեսականորեն, այսինքն՝ այդ համարժեք տարածքներ իրար տրամադրվեն սահմանի մոտ։ Սրանք տեսական բաներ եմ ես ասում»,- ասաց Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը շեշտեց, որ ադրբեջանական կողմից ևս այս հարցի նկատմամբ առկա է կառուցողական մոտեցում․
«Ինչ կլինի արդյունքը, կներկայացվի ձեզ և ձեր քվեարկությանը»- եզրափակեց ԱԳՄԱ նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան