Աշխարհում բաժանորդագրությամբ գործող տեսանյութերի հոսքային ծառայությունների խոշորագույն մատակարար ամերիկյան Netflix Inc.-ը կրճատում է շուրջ 1000 աշխատատեղ, ինչը կազմում է ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի մոտ 6%-ը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերության համաղեկավարներ Գրեգ Փիթերսի և Թեդ Սարանդոսի՝ աշխատակիցներին ուղարկած էլեկտրոնային նամակը։
Պարբերականի նշմամբ՝ այս կրճատումները 2022 թվականից ի վեր ամենախոշորն են լինելու։
«Աշխարհը զվարճացնելը մեր առաքելությունն է, և դրա իրականացումը մեզնից պահանջում է կարգապահ մոտեցում՝ մեր աշխատակիցների և ռեսուրսների առաջնահերթությունները որոշելիս», – ասվում է աշխատակիցներին ուղղված նամակում։
Աշխատատեղերի կրճատման որոշումն ընդունվել է մեդիա շուկայում օգտատերերի ուշադրության համար սուր մրցակցության պայմաններում։ Աշխատակիցների հիմնական մասը կազատվի արտադրանքի մշակմամբ, տեխնոլոգիաներով, իրավական հարցերով և մարդկային ռեսուրսների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումներից։
2025 թվականի վերջին Netflix-ի հաստիքային աշխատակիցների թիվը կազմում էր շուրջ 16 000 մարդ։
2026 թվականի սկզբից Netflix-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է գրեթե 25%-ով՝ հասնելով 293 մլրդ դոլարի, մինչդեռ Nasdaq Composite ֆոնդային ինդեքսն աճել է ավելի քան 16%-ով։