Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել 2,35 միլիարդ դրամ լրացուցիչ հատկացնել գիտության ոլորտին։ Միջոցներն ուղղվելու են գիտական սարքավորումների ձեռքբերմանը (1,1 մլրդ դրամ) և դրամաշնորհային հետազոտական ծրագրերի ֆինանսավորմանը (789,6 մլն դրամ)։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ հատկացվող միջոցներով նախատեսվում է 12 գիտական կենտրոն վերազինել 21 նորագույն սարքավորումներով։ Մասնավորապես․

-189,9 միլիոն դրամ է հատկացվել Երևանի պետական համալսարանին՝ կիսահաղորդիչների ոլորտի լաբորատոր սարքավորման ձեռքբերման համար,
-179 միլիոն դրամ՝ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին՝ երկակի նշանակության հետազոտությունների համալիր անալիզատորի համար։

Բացի այդ, ֆինանսավորվելու են արտերկրի գիտնականների ներգրավման «PostDoc», հեռավար լաբորատորիաների հիմնադրման և միջազգային ինտեգրման ծրագրերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 2018 թվականից ի վեր գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,8 անգամ (համարյա եռապատկվել է), սակայն հանրային դաշտում դրական փոփոխությունների մասին քիչ է խոսվում։

«Այնպիսի տպավորություն է, որ մենք զենքի տակ․․․ ինչ-որ մեկը զենքը պահել է վրաներս, ասել է՝ «Գիտության ֆինանսավորումը ավելացրե՛ք», մենք էլ՝ «Մի՛ կրակեք, կավելացնենք» վիճակում ավելացրել ենք, հետո որ այդ զենքը պահողն աչքը մի կողմ է թեքել, մենք միանգամից հետ ենք զրոյացրել։ Ես այն մարդկանց նամակները, որոնք այս եռապատկման ընթացքում մի տող չեն գրել, իգնոր եմ անելու։ Գիտության ֆինանսավորումը մենք ենք ապահովել և ապահովելու ենք»,- հայտարարեց վարչապետը։

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Կառավարության հաստատմանը կներկայացվի մասնավոր հատվածի և արտերկրի հայազգի գիտնականների հետ համատեղ նոր նախագիծ՝ նվիրված ֆիզիկական արհեստական բանականության զարգացմանը բուհերում և գիտական կենտրոններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment