Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել

Քաղաքականություն

15.10.2026 | 12:26

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ռուսական Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա։ Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Պավել Մալկովը, գրում  է Meduza-ն։

Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։ Մալկովը հավելել է, որ Ռյազանի մեկ այլ ձեռնարկության տարածքում վնասվել են պահեստ ու ավտոմեքենաներ։ Տուժածների մասին նա չի հայտնել։

Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային  տելեգրամ ալիքը վաղ առավոտյան հրապարակել է Ռյազանի նավթավերամշակման գործարանից երևանող բոցի լուսանկարը՝ ենթադրություն հայտնելով, որ պատճառն անօդաչու թռչող սարքերի հարձակումն է։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով հոկտեմբերի 15-ին Ռյազանում չեղարկվել են դասերը դպրոցներում, Օկտյաբրսկի և Սովետսկի շրջանների մի մասում էլ երեխաները չեն հաճախում մանկապարտեզ։ Նահանգապետի գրառումից  հետևում է, որ դասերը չեղարկվել են 14 դպրոցում և 25 մանկապարտեզում։ Նախորդ երեկոյան Պավել Մալկովը հայտնել էր, որ մեկ օրվա ընթացքում մարզի երկնքում խոցվել է 23 անօդաչու թռչող սարք։ Նրա տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չեն եղել։

Բացի այդ, Ուկրաինան հոկտեմբերի լույս 15-ի գիշերը հարձակվել է Բորիսոգլեբսկի ռազմական օդանավակայանի վրա, հայտնում են ուկրաինական Supernova+ և Exilenova+ մոնիթորինգային ալիքները։ Նրանց տվյալներով՝ հարվածները հասցվել են Tomahawk հրթիռներով։

Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը դեռևս չի հայտնել մարզի վրա հարձակման հետևանքների մասին։ Կեսգիշերից հետո նա մի քանի հաղորդագրություն է հրապարակել՝ անօդաչուների հարձակման վտանգի վերաբերյալ նախազգուշացումներով։

Հավելենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերսկսում են հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան երեք օր շարունակ հարվածներ չի հասցրել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին՝ կատարելով ԱՄՆ-ի ցանկությունը։ Միևնույն ժամանակ, Զելենսկին ընդգծել է՝ Ռուսաստանը շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment