«Զվարթնոցում» առողջապահական տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ժամանակավորապես կիրականացնի վերահսկողություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է հոկտեմբերի 16–30–ը Երևանում անցկացվելիք COP17–ի միջոցառումներով, որոնց շրջանակում Հայաստան են ժամանելու Կենսաբազմազանության առաջնորդները։

Կառավարությունից տեղեկացնում են, որ միջոցառման մասնակիցների ժամանումները նախատեսվում են նաև համաճարակաբանական ռիսկի տեսանկյունից ուշադրություն պահանջող պետություններից և տարածքներից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը օգոստոսի 24–ին հրապարակել է Բունդիբուգյո վիրուսային հիվանդության համաճարակի վերաբերյալ ժամանակավոր առաջարկություններ։ Նշված փաստաթղթի համաձայն՝ 2026 թ. օգոստոսի 14–ի դրությամբ Կոնգոյում համայնքային փոխանցման ռիսկը գնահատվել է «շատ բարձր»։

Այդ իսկ պատճառով ԱՀԿ–ն բոլոր մյուս պետություններին առաջարկվում է ապահովել համայնքային փոխանցում ունեցող տարածքներից ժամանող՝ անհայտ ծագման տենդային հիվանդությամբ ուղևորների հայտնաբերման, գնահատման, հաղորդման և վարման մեխանիզմներ, պետական սահմանի անցման կետերում նման տարածքներից ժամանող անձանց տրամադրել տեղեկություն՝ ժամանումից հետո 21 օրվա ընթացքում BVD-ին համապատասխան ախտանշաններ ի հայտ գալու դեպքում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։

Սահմանային անցակետերում տեսչական մարմինը, մասնավորապես, կիրականացնի մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափում։

Leave a comment