ՀՀ կառավարությունը նախատեսում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել՝ դրանք պետությանը օտարելու նպատակով։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգում։
Որոշման նախագծի համաձայն՝ օտարման գործընթացի ավարտի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է, հայտնում է Factor.am-ը:
Կառավարությունը գործընթացը հիմնավորում է էներգետիկ անվտանգության, էլեկտրամատակարարման անխափանության և ռազմավարական ենթակառուցվածքի նկատմամբ արդյունավետ պետական վերահսկողության անհրաժեշտությամբ։
Որոշման նախագծով նախատեսվում է օտարման ենթարկել ՀԷՑ-ի ընդհանուր 246 հազար 423 բաժնետոմսերը, որոնց անվանական արժեքի հանրագումարը կազմում է 20 միլիարդ 674 միլիոն 889 հազար 700 դրամ։
Բաժնետոմսերի հիմնական մասը՝ 172 հազար 496 հատը կամ մոտ 70 տոկոսը, պատկանում է «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Մնացած 73 հազար 927 բաժնետոմսերի՝ մոտ 30 տոկոսի սեփականատերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդն» է։
Փաստաթղթում հատուկ ընդգծվել է, որ բաժնետոմսերի նշված անվանական արժեքը չի արտացոլում սեփականատերերին տրամադրվելիք վերջնական փոխհատուցման գումարը։ Վերջինս որոշվելու է շուկայական արժեքի առանձին գնահատման միջոցով, որի ընթացքում հաշվի են առնվելու ընկերության գույքային ակտիվները, առկա պարտավորություններն ու ֆինանսական հնարավոր ռիսկերը։
Նախաձեռնությամբ նախատեսվում է բաժնետոմսերի օտարումն իրականացնել նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու պայմանով՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը։
Նախագծի հիմնավորման մեջ հիշատակվում է, որ կառավարությունը դեռևս 2026 թվականի փետրվարի 17-ին ՀԷՑ-ի բաժնետերերին ներկայացրել է առաջարկ՝ ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը ՀՀ-ին կամավոր օտարելու վերաբերյալ։ Սակայն գործադիրի հրապարակած փաստաթղթի համաձայն՝ բաժնետերերը սահմանված ժամանակահատվածում չեն արձագանքել ներկայացված առաջարկին, ինչի հետևանքով բաժնետոմսերի կամավոր փոխանցում տեղի չի ունեցել։
Նախագծով որպես բաժնետոմսերի ձեռքբերող սահմանվել է Հայաստանի Հանրապետությունը։ Միաժամանակ օտարման ամբողջ գործընթացի կազմակերպման, համակարգման և իրականացման պատասխանատվությունը վերապահվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Օտարման նպատակի իրագործումը նախատեսվում է սկսել ոչ ուշ, քան նույն թվականի հուլիսի 1-ը, իսկ ամբողջ գործընթացի ավարտի վերջնաժամկետ է սահմանվել հոկտեմբերի 1-ը։
Որոշման ուժի մեջ մտնելուց հետո պատասխանատու նախարարությանը տրամադրվելու է երկամսյա ժամկետ՝ օտարման ենթակա գույքի նկարագրության համապատասխան արձանագրությունը կազմելու համար։ Նախագծով նախատեսվում է նաև այդ ժամկետը մեկ անգամ երկարաձգելու հնարավորություն, սակայն երկարաձգման տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը։
Գույքի նկարագրության արձանագրության պատրաստմանն ու հաստատմանը պետք է նախորդի ընկերության ֆինանսական դրության և իրավական կարգավիճակի համակողմանի ուսումնասիրությունը։
Այդ աշխատանքների ավարտից հետո երեք ամսվա ընթացքում նախատեսվում է կազմակերպել բաժնետոմսերի իրական շուկայական արժեքի գնահատումը։ Այդ նպատակով ներգրավվելու է գնահատող, որը պետք է բավարարի կառավարության կողմից սահմանված համապատասխան պահանջներն ու չափանիշները։
ՀԷՑ-ի գործունեության արդյունավետության վերաբերյալ իշխանությունների քննադատական հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իր աջակցությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և ձեռնամուխ է եղել Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելուն։
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի շուրջ ծավալված գործընթացները գնահատել է որպես իր նկատմամբ գործադրվող ճնշում։ Իշխանությունները, իրենց հերթին, մերժել են այդ պնդումները՝ հավաստիացնելով, որ ընկերության գործունեության հետ կապված խնդիրների ուսումնասիրությունը նախաձեռնվել է նշված իրադարձություններից ավելի վաղ։