Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ, Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. Մամուլը՝ սուրճով

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Աբովյանի համայնքապետի պաշտոնի համար պայքարին պատրաստվում է միանալ Արթուր Հարությունյանը, որը հանրությանը հայտնի է Գագիկ Ծառուկյանի թիկնապահ «Պալաչ» մականունով։ Սակայն նրա անցյալում կա ուշագրավ դատական պատմություն․ 2017 թվականին դատարանը նրան սնանկ է ճանաչել 3 միլիոն դրամի պարտքը սահմանված ժամկետում չվերադարձնելու հիմքով։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը։ Ըստ այդմ, 2017 թվականի դեկտեմբերի 19-ին դատավոր Տ. Փոլադյանը բավարարել է Արտակ Եղոյանի դիմումը և Արթուր Գեղամի Հարությունյանին ճանաչել սնանկ։

Պետական բյուջեի օգտին ևս 100 հազար դրամ․

Դատարանի վճռով որոշվել է նաև Արթուր Հարությունյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձման ենթակա 100 հազար դրամ պետական տուրքը գրանցել սնանկության վարույթի շրջանակում՝ որպես դատական ծախս։ Բացի այդ, դատարանը որոշել է արգելանք դնել Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա։Արթուր Հարությունյանի՝ Աբովյանի համայնքապետի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության ֆոնին նրա գործարար անցյալի այս դրվագը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր է առաջացնում։

Հանրության համար կարևոր է պարզել՝ ինչ արդյունք է ունեցել սնանկության վարույթը, արդյոք առկա են հետագա դատական ակտեր, և ինչ պատասխաններ ունի ինքը՝ Արթուր Հարությունյանը, տարիներ առաջ իր նկատմամբ կայացված այդ ամոթալի վճռի վերաբերյալ։

Աբովյանի բնակիչները, ընտրելով համայնքի ապագա կառավարման պատասխանատուներին, կարող են ակնկալել, որ ընտրական պայքարի մասնակիցները պատրաստ կլինեն հանրությանը ներկայացնել իրենց անցյալի վերաբերյալ փաստական հարցերի պատասխանները։

Բացի այդ, Պալաչը երկար ժամանակ Հայաստանում չի բնակվել՝ ըստ մեդիա հրապարակումների։ Ու ստացվում է, որ նա հայրենիքը հիշում է ընտրությունից ընտրություն (կարծես թմրաբիզնես) հետաքրքրությունների շրջանակում։

Շարունակելի»։

 

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընտրություններին ընդառաջ, Արտաշատի համայնքապետարանը որոշել է հանդիսավոր պայմաններում Արտաշատի հիմնանորոգված քաղաքային լճի բացման արարողությունն անել։ Նախատեսում են լճում թղթից պատրաստված նավակներ բաց թողնել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը եւս պատրաստվում է ներկա գտնվել միջոցառմանը՝ ապահովելով միջոցառման հնչեղությունը՝ ընտրությունների շեմին։ Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել միջոցառմանը։ Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց․ «Եթե մասնակցելու լինի, անպայման կտեղեկացնենք»։ Մինչդեռ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումների մասին արդեն մի քանի տարի է՝ նախապես չեն տեղեկացնում։ Հավանաբար, անվտանգային նկատառումներից ելնելով»։

 

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեղրի համայնքում սպասվող ընտրություններին ընդառաջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Սերգո Գալստյանն իր անունով հայտարարագրել է 16 անշարժ գույք, որոնց մեծ մասը հողատարածքներ են Մեղրիում։

Սակայն հայտարարագրված միակ բնակարանը գտնվում է Երևանում։ Մեր տեղեկություններով, ՔՊ-ի թեկնածուն ընտանիքով բնակվում է մայրաքաղաքում, իսկ Մեղրիում լինում է հիմնականում բիզնես նպատակներով։ Այժմ նա առաջադրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում, ինչը որոշակի հարցեր է առաջացնում։

Հայտնի է, որ մարզերում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում բնակիչները բավականին զգայուն են նման հարցերի նկատմամբ և նախապատվությունը սովորաբար տալիս են այն թեկնածուներին, որոնք ապրում են տեղում և ամենօրյա շփման մեջ են համայնքի հետ։ Հետաքրքիր է՝ ինչպես կընդունվի երևանաբնակ թեկնածուն մարզի բնակիչների կողմից։

Հավելենք, որ Մեղրիի ընտրություններին մասնակցում են նաև «Ապրելու երկիր», Հայաստանի եվրոպական և Հայաստանի շնորհապետական կուսակցությունները, ինչը խոստանում է բավականին մրցակցային ընտրապայքար։

 

Leave a comment