Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորությամբ աշխատանքային այց է իրականացվել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։ Այցին մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, «Արփա-Սևան» ԲԲԸ տնօրեն Պարույր Հակոբյանը, «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Արմեն Հակոբյանը, ինչպես նաև Ջրային կոմիտեի ոլորտային պատասխանատուներ։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
Այցը մեկնարկել է Սպանդարյանի ջրամբարի տարածքից, որտեղ ակնադիտական ուսումնասիրության է ենթարկվել «Որոտան-Արփա» ջրային համակարգի գլխամասային ջրընդունիչ հանգույցը։ Մասնագետների հետ տեղում քննարկվել է Սպանդարյանի ջրամբարից «Որոտան-Արփա» թունելով, այնուհետև Կեչուտի ջրամբարով դեպի Սևանա լիճ ջրի տեղափոխման հնարավորությունը։
Այնուհետև պաշտոնյաներն այցելել են Կեչուտի ջրամբար, «Արփա-Սևան» թունելի Եղեգիսի հիդրոտեղամաս և մուտք գործել թիվ 2 թունել, որտեղ առավել վթարային հատվածներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։ Թունելի՝ 30 կմ ընդհանուր երկարության 15-րդ կիլոմետրի հատվածում տեղում դիտարկվել է աշխատանքների ընթացքը, քննարկվել են թունելի հետագա անվտանգ և արդյունավետ շահագործման հետ կապված հարցեր։
Սեպտեմբերի 1-ից մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը նախատեսվում է ավարտել 2027 թվականի մարտի 30-ին։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է պահպանել «Արփա–Սևան» թիվ 2 թունելի՝ 20 խորանարդ մ/վրկ ջուր տեղափոխելու թողունակությունը։