Սահմանադրական դատարանի նախագահ չի ընտրվել
Այսօր կայացած աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի նախագահ չի ընտվել՝ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ փուլում:
ՍԴ-ից «Ազատությանը» հայտնել են, որ առաջադրվել էր երկու թեկնածու՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, ով այս պահին նաև նախագահի լիազորություններ է կատարում:
Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի 6 դատավորների ձայներ. եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է 5 ձայնով:
Մոտ հինգ ժամ տևած նիստում փաստորեն ոչ 6, ոչ էլ 5 ձայն ստացող չի եղել: ՍԴ-ից չեն հստակեցնում՝ թեկնածուներից ով քանի ձայն է ստացել գաղտնի քվեարկության արդյունքում:
Աշխատակարգի համաձայն՝ եթե Սահմանադրական դատարանի նախագահ չի ընտրվում, ապա նոր ընտրություններն անցկացվում են ընտրության երկրորդ փուլի քվեարկությունից հետո` ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 30 օր հետո: