Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի եթերում աշխարհագրագետ, բնապահպան Լևոն Գալստյանը խոսել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի, մասին, որի առնչությամբ բնապահպանական համայնքը շարունակում է պնդել՝ ծրագիրն իր մեջ ռիսկեր է պարունակում:

«Ես համոզված եմ, որ էլի ինչ-որ գերբնական ուժեր կամ չգիտեմ այլ պատճառներ, այլ հանգամանքներ ի հայտ են գալու, և լինելու է այնպես, որ, ըստ էության, էդ տարածքում հանքավայր չի լինելու։ Դա լինելու է ինստինկտիվ, ոնց որ եղել է մնացած բոլոր ամեն ինչը մեր շարժումների դեպքում… էկոլոգիականին նկատի ունեմ»,- համոզմունք է հայտնել Գալստյանը՝ հիշեցնելով, որ հանքի պատմությունը սկսվել է դեռևս 2005 թվականից, սակայն հանրային դիմադրության և այլ գործոնների արդյունքում այն մինչ օրս չի շահագործվել։

Խոսելով բուն էկոլոգիական վտանգների մասին՝ աշխարհագրագետն առանձնացրեց հատկապես ջրային ռեսուրսների աղտոտման անխուսափելիությունը, որն, ըստ նրա, տեսանելի կլինի տարիներ անց.

«Ամենավտանգավոր խնդիրը, որ էդ տարածքում կա, դա այն է, որ Ամուլսարը գտնվում է մի այնպիսի աշխարհագրական դիրքում, որ այնտեղ հանքավայր շահագործել անհնար է առանց ջրերը աղտոտելու։ Պատկերացրեք՝ դա անհնար է ուղղակի, ինչքան էլ խոսեն, ինչքան էլ գրեն, ինչքան էլ… ժամանակակից տեխնոլոգիաների մասին խոսեն, դա անհնար է»։

«Մոտավորապես 400 միլիոն տոննա ապար, զանգված հանվելու է երկրի ընդերքից… լցվելու է երկրի մակերևույթի վրա… Ու էդ ամեն ինչը, երբ որ դու երկրի ընդերքից հանում ես և ինքը սկսում է շփվել բաց օդի և ջրի հետ, ինքը որոշակի քիմիական պրոցեսների մեջ է ներգրավվում, որի արդյունքում էդ ապարների մեջ եղած բոլոր տոքսիկ նյութերը, որոնք որ կան… սկսած ուրանից ու թորիումից վերջացրած կապար, նիկել… ինքը տարբեր ուղիներով գնալու է ևմակերեւույթային ջրերի, և ստորերկրյա ջրերի ուղիներով»։

Անդրադառնալով պետության վերահսկողական գործառույթներին և շահագործող ընկերությունում ունեցած մասնաբաժնին՝ բնապահպանը խիստ քննադատության ենթարկեց պետական մարմինների անգործությունը, ինչպես նաև հիշեցրեց Կառավարության կողմից պատվիրված «ELARD» ընկերության ուսումնասիրության արդյունքները։ Գալստյանի խոսքով՝ պետությունը մինչ օրս չի վերահսկում անգամ փոշու աղտոտվածությունը Ջերմուկում, Գնդեվազում կամ Կեչուտում։

«Պետությունը չունի ոչ մի միջոց, ոչ էլ մտածում է դրա մասին, թե ոնց վերահսկի գոնե, թե ինչ է լինում էդ տարածքի հետ»,- նշեց նա՝ հավելելով ELARD-ի եզրակացության մասին,- «Էդ փաստաթղթերի մեջ (խմբ․՝ ELARD-ի 190 էջանոց զեկույցի) քանի՞ անգամ են կրկնվել հետևյալ բառերը. ուրեմն՝ կասկածելի՝ 12 անգամ, թերի՝ 59 անգամ, սխալ՝ 60 անգամ, մտահոգ՝ 30 անգամ, անվստահելի՝ 7 անգամ, անորոշ՝ 34 անգամ, թերություն՝ 18 անգամ, վատ՝ 11 անգամ, անբավարար՝ 14 անգամ, չի կատարվել՝ 4 անգամ։ Այսինքն, ողջ փաստաթուղթը անբավարար հետազոտությունների մասին է»։

Ամփոփելով հայաստանյան հանքարդյունաբերության փորձը՝ Լևոն Գալստյանն ասաց. «Անկախ Հայաստանի պատմության ընթացքում բացված որևէ հանքավայր, նոր բացված ի նկատի ունեմ, դեռևս հաջողություն չի գրանցել… Բոլոր հանքավայրերը կամ բացվել են, հետո մի երկու տարի հետո փակվել են կեսից, այսպես ասած, կամ հետո էդ բացողները սնանկացել են… կամ ձախողվել են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment