ԱՄՆ-ն պատրաստ է եղել Ուկրաինային լրացուցիչ անվտանգության երաշխիքներ առաջարկել պատերազմի ավարտից հետո, սակայն Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև ռուսական դիզելային վառելիքի գնման վերաբերյալ համաձայնագիրը խափանել է բանակցային գործընթացը․ այս մասին հաղորդել է «The Telegraph»-ը՝ հղում անելով հանդիպումներին ծանոթ աղբյուրներին:
Հրապարակման համաձայն՝ անցյալ շաբաթավերջին Մայամիում կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Վիտկոֆֆը և Ջարեդ Քուշները առաջարկել են ուժեղացված երաշխիքներ, որոնք նախատեսված են Ռուսաստանին նոր հարձակումից զսպելու համար: Կողմերը նաև ձգտել են փոխզիջման հասնել ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքների կարգավիճակի և Ուկրաինայի ԵՄ-ին միանալու հեռանկարների վերաբերյալ:
«The Telegraph»-ի համաձայն՝ առաջարկվող անվտանգության երաշխիքները նախատեսված էին գերազանցելու Թրամփի նախկին խոստումները՝ օգտագործելու ամերիկյան ինքնաթիռները օդային տարածքի պարեկության և արբանյակային հետախուզություն ապահովելու համար:
Ուկրաինական և եվրոպական պատվիրակությունները զգուշացել են, որ նոր երաշխիքները գործնականում կհանգեցնեն Կիեւի կողմից տարածքային զիջումների: ԱՄՆ բանակցողները նաև նշել են, որ Պուտինը դեռևս պատրաստ չէ էական խաղաղության բանակցությունների, և որ ռուսական վառելիքի գնումը նախատեսված է ցույց տալու ռազմական գործողությունների դադարեցման տնտեսական օգուտները Մոսկվայի համար:
Մի եվրոպացի դիվանագետ կտրուկ քննադատել է Վաշինգտոնի բացատրությունը․ «Դա լիակատար անհեթեթություն է»։
Ի վերջո, բանակցություններն ավարտվել են առանց որևէ համաձայնության։ Վիտկոֆֆի և Քուշների՝ Մոսկվա նախատեսված այցը հետաձգվել է մինչև Թրամփի և Զելենսկու միջև հարաբերությունների հաստատումը։