«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ՝ ծանոթանալու ընկերության տարածքային ստորաբաժանումների գործունեությանը և իրականացվող ծրագրերի ընթացքին։ Այցի ընթացքում նա եղել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի սպասարկումն իրականացնող ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղում, ինչպես նաև «Արմավիր» էլեկտրական ցանցում։
Ժամանակավոր կառավարիչն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում աշխատակազմին է ներկայացրել «Մուսալեռ» մասնաճյուղի նոր ղեկավար Արթուր Սարդարյանին։ Քննարկվել են իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նախանշվել են առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները։
Անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ հաջորդ հանգրվանը կլինի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումը, որը նախատեսվում է առաջիկա օրերին։։
Վերջին մեկ տարվա ժամանակավոր կառավարման շրջանում Արմավիրի մարզում կատարվել են բաշխման ցանցի արդիականացման և հուսալիության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Մասնավորապես, փոխարինվել են՝
Մասնավորապես, այդ ժամանակահատվածում փոխարինվել են՝
- 841 երկաթբետոնե հենասյուն,
- 39 ուժային տրանսֆորմատոր,
- 101 կիլոմետր օդային էլեկտրահաղորդման գիծ,
- 2,7 կիլոմետր մալուխային գիծ,
- ավելի քան 17 հազար էլեկտրոնային հաշվիչ։
Աշխատանքային քննարկման ընթացքում Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է քաղաքացիների խնդիրներին ականջալուր լինելու, դրանց օպերատիվ արձագանքելու, աշխատանքային պատասխանատվությունը բարձրացնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև նախկինում վթարված հատվածների ուսումնասիրությանն ու բաշխիչ ցանցի տեխնիկական վիճակի բարելավմանը։