ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա

Հայաստանի կառավարությունն առաջարկում է Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք սահմանել։ Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ այդ գործառույթները կհամատեղի ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդը։

Նախագծի համաձայն՝ նախատեսվում է, որ ռազմական կցորդն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2027 թվականի հունվարի 1-ից՝ Կանադայի արտաքին գործերի նախարարության ծանուցման, հավատարմագրման ընթացակարգի և անհրաժեշտ համաձայնության ստացման դեպքում։

Պաշտպանության նախարարությունը հիմնավորել է նախաձեռնությունը՝ նշելով, որ Հայաստանի և Կանադայի միջև առկա են զարգացող քաղաքական երկխոսություն և համագործակցության ընդլայնման հնարավորություններ։ Ռազմական կցորդի նշանակումը, ըստ գերատեսչության, կնպաստի երկու երկրների պաշտպանական և ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը։

Հիմնավորման համաձայն՝ համագործակցության հնարավոր ուղղություններից են հրահանգիչների պատրաստությունը, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցությունը, կին զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողությունը, ինչպես նաև ներքին աուդիտի և հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման փորձի փոխանակումը։

Հետագայում նախատեսվում է համագործակցությունը զարգացնել նաև ռազմական կրթության, սերժանտական կազմի պատրաստության, անձնակազմի մարտական պատրաստության, ռազմական բժշկության և ռազմաքաղաքական խորհրդակցությունների ուղղություններով։

Ռազմական կցորդը պետք է կապեր հաստատի երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև, հետևի համագործակցության ծրագրերի իրականացմանը և աջակցի պատվիրակությունների այցերի կազմակերպմանը։ Նա նաև կապահովի հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը Կանադայում անցկացվող զորահանդեսներին, զորավարժություններին և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին։

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Կանադայի հետ համագործակցության խորացումը կարևոր է նաև ՆԱՏՕ-ի շրջանակում Հայաստանի գործընկերության զարգացման տեսանկյունից։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment