Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը 168.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով ՔԿ-ի այս պարզաբանմանը, նախ նշեց, թե բնավ զարմանալի չէ, որ հենց «ՀԺ»-ն է պարզաբանում տարածում նշված հարցի վերաբերյալ։
Նա հիշեցրեց, որ հենց «ՀԺ»-ն էր, որ 2025թ. նոյեմբերի 17-ին, երբ դեռևս քննության առարկա էր հանդիսանում Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգել-չերկարաձգելու մասին հարցը, և իրենք գտնվում էին դատական նիստում, հրապարակում էր տարածել, թե Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է։
Իսկ ինչ վերաբերում է ՔԿ-ի պատասխանին, ապա, Արամ Վարդևանյանի խոսքով՝ ցանկացած անաչառ դիտորդի մոտ Քննչական կոմիտեի այս պատասխանից հետո ակնհայտ կդառնա, որ ՔԿ-ն հենց մերժել է իր դիմում-հարցումը։
«Պատկերացրեք՝ իմ կողմից նման գործելաոճ առկա չէ, թե չէ՝ ինքս կհրապարակեի իմ կողմից ներկայացված դիմում-հարցումը և դրա վերաբերյալ պատասխանը։ Քննչական կոմիտեին դիմում-հարցում է ներկայացվում ոչ թե՝ որպես մի կառույցի, այլ՝ որպես Սամվել Կարապետյանի գործով վարույթն իրականացնող մարմնի, որին ի պատասխան՝ ստանում ենք դիրքորոշումը, որ վերջիններս նման մեկնաբանությամբ հանդես գալ չեն կարող։ Արդյո՞ք դա նույն մերժումը չէ։ Եթե լեզվական կամ տերմինաբանական կանոնով էլ առաջնորդվենք, ակնհայտ է, որ դա հենց մերժումն է։
Ի՞նչն է հետաքրքիր. Ես չէի ցանկանում նման մանրամասների անդրադառնալ, բայց պատկերացրեք՝ սահմանափակումները կիրառվում են դատարանի որոշմամբ, բայց դրանց պահպանման կամ խախտման հանգամանքները գնահատում է Քննչական կոմիտեն։ Այսինքն՝ երբ Քննչական կոմիտեն հղում է տալիս նրան, թե դատական ակտեր չի կարող մեկնաբանել, դա կիսաճշմարտություն ներկայացնելու դասական օրինակ է։ Չէ՞ որ, երբ ենթադրյալ խախտում տեղի ունենար, ապա դրա գնահատման հասցեատերը լինելու էր Քննչական կոմիտեն։ Եվ ես կրկին պնդում եմ, որ նման պատասխանի դեպքում, այսինքն՝ ՔԿ-ն ոչ թե արձանագրել է, որ նման խնդիր արձանագրելու կամ վարքագծի դեպքում խախտում գոյություն չունի, այլ պարզապես փորձել է խուսափել պատասխան տալուց, ինչը համարժեք է մերժման, քանի որ իմ կողմից ներկայացված հարցմանը պետք է պատասխաներ այո կամ ոչ»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ հենց նույն «ՀԺ»-ի հրապարակման մեջ, որտեղ պարզաբամում է տվել ՔԿ-ն, ակնհայտ է, որ վերջիններս ընդունել են, որ մերժել են։
Նա նաև հավելեց. «Խնդրում եմ ՀԺ-ին՝ նաև Դատախազությունից ստանալ դիրքորոշումը, քանի որ մինչ օրս ինքս չեմ ստացել, իսկ Քրեական դատավարության տեսանկյան համաձայն՝ սահմանված ժամկետներում պատասխան չտալը նույնպես համարժեք է մերժմանը»։
Հիշեցնենք, որ երեկ Վարդևանյանը հայտարարել էր, որ քննչականն ու դատախազությունը հնարավորություն չեն տվել Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։