Խուզարկել են «Ադեկվատի» նախկին գրասենյակը՝ տարել են հանգուցյալ Կիրակոսյանի համակարգիչն ու գրքերը

Իրավապահները խուզարկել են «Ադեկվատ» միաբանության գրասենյակը։ Լրագրողների հետ զրույցում միաբանության անդամ Մարինե Մանուչարյանը, սակայն, նշել է, որ այդ տարածքը վաղուց արդեն «Ադեկվատի» գրասենյակը չէ։

«Սա մեզ համար պահեստային տարածք է, որտեղ ես հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի գրքերն ու համակարգիչն էի բերել։ Իրենք փակեցին, տարան՝ ասելով, թե որևէ միջամտության դեպքում ինձ տեղյակ կպահեն։ Ասացին, որ եկել են Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գործունեության հետ կապված ինչ-որ բաներ փնտրելու»,- ասել է Մանուչարյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ նախաքննության ավարտից հետո ամեն ինչ պարզ կդառնա։

«Կերևա, թե որքան աբսուրդային է այս ամբողջ իրավիճակը, և ինչպես են փորձում Արթուրին լռեցրած պահել»,-հավելել է նա:

Մանուչարյանն ասել է, որ Արթուր Դանիելյանի փաստաբանը ներկա չի եղել խուզարկությանը։

Հասարակական-քաղաքական գործիչ, «Ադեկվատ» կուսակցության համահիմնադիր և նախագահ Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ որոշումը բողոքարկվելու է։ Դատարանը նաև արգելել է նրա հետ շփումները:

«Ֆեյսբուքյան գրառումների մասին է խոսքը, եթե այդպես է, ապա ԱԺ պատգամավորների կեսին այդ մեղադրանքը պետք է առաջադրվի»,-ասել է Աթանեսյանը՝ մանրամասնելով, որ վարույթը նախաձեռնվել է այս տարվա օգոստոսին։

Leave a comment