Հոկտեմբերի 13-ի ժամը 22։00-ի սահմաններում Ադրբեջանի պետական տեղեկատվական համակարգերը ենթարկվել են կիբերհարձակումների, որոնց թիրախում հայտնվել է ավելի քան 100 պետական դոմեն։
Ինչպես տեղեկացրել են Ադրբեջանի հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունից, հարձակումն իրականացրել է արտասահմանյան հաքերային խմբավորում, գրում է APA-ն:
Հարձակումների հետևանքով մի շարք պետական մարմինների ինտերնետային ռեսուրսների աշխատանքում առաջացել են տեխնիկական խափանումներ և հասանելիության խնդիրներ։
Ադրբեջանի հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ծառայությունը հայտնել է, որ ներկայում ևս շարունակվում են կիբերանվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները և համապատասխան պաշտպանական միջոցառումները:
Սոցցանցերում տեղի ունեցածի մեջ թուրքական հետք են տեսել։ Բանն այն է, որ Թուրքիայում վերջին օրերին քննադատության ալիք է բարձրացել Ադրբեջանի հասցեին՝ ինչպես Բաքվի ներքին որոշումների, այնպես էլ արտաքին քաղաքականության պատճառով, հայտնում է Sputnik Արմենիան:
Թուրքիայի կրոնական և պահպանողական շրջանակներում քննադատում են Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ դրանք համեմատելով կոշտ սեկուլյարիստական (աշխարհիկ) միջոցների պատմական շրջանի հետ։
Դժգոհություն են առաջացնում նաև Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները և Բաքվի դիրքորոշումը միջազգային ասպարեզում։ Բանը հասել է նրան, որ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Անկարայում և Ստամբուլում գտնվող Ադրբեջանի դեսպանատների մոտ։