Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը

Քաղաքականություն

14.10.2026 | 13:44

Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով քննարկմանը։ Անդրադարձ է կատարվել Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնության ապագային և տարածաշրջանային ու անվտանգային նոր իրողություններին համապատասխան դրա վերափոխման անհրաժեշտությանը։ Քննարկվել են նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը և համագործակցության առավել ճկուն մեխանիզմների մշակման կարևորությունը։

ԱԳՄԱ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը որպես բանախոս մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը: Քննարկումն անցկացվել է Chatham House-ի կանոններով՝ բարձրաստիճան դիվանագետների, քաղաքական գործիչների և փորձագիտական շրջանակների մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագային և դրա վերափոխման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և անվտանգային իրողությունները, ինչպես նաև ԵՄ երկրների ձգտումներն ու առաջնահերթությունները։

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԵՄ հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը, արժեքահենք համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև առավել ճկուն ու թիրախային մեխանիզմների մշակման կարևորությունը»։

Leave a comment