2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում է գործարկել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր։
Նախաձեռնությունը կտարածվի մի շարք ապրանքատեսակների վրա՝ նպատակ ունենալով փորձարկել դրանց հաշվառման և շրջանառության վերահսկման նոր մեխանիզմները, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Փորձնական ծրագրերում կընդգրկվեն հետևյալ ապրանքախմբերը.
- Կրակմարիչներ, հրդեհային անվտանգության համար նախատեսված սարքավորումներ և պիրոտեխնիկական արտադրատեսակներ։
- Անձնական և այլ հիգիենայի միջոցներ։
- Հեծանիվներ։
- Ծխախոտին փոխարինող արտադրատեսակներ։
- Կենցաղային նշանակության ապրանքներ։
- Լուսանկարչական սարքեր, ֆոտոլամպեր և հարակից այլ սարքավորումներ։
- Դողեր, ավտոմեքենաների անվադողեր, պահեստամասեր, քսանյութեր և տեխնիկական հեղուկներ։
- Կոշիկներ և խաղալիքներ։
- Ծովամթերք, մակարոնեղեն, պատրաստի այլ սննդամթերք, քացախ, հրուշակեղեն և սննդային հավելումներ։
- Բժշկական նշանակության արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանման միջոցներ։
- Բնական մորթուց պատրաստված հագուստի պարագաներ և դրանց դրոշմավորում։
Փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգավորվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգի աշխատանքը։ Կփորձարկվեն նաև ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումն օպերատորի տեղեկատվական համակարգի հետ։ Ի դեպ, փորձարկումը կընդգրկի դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ շղթան՝ դրոշմավորման ծածկագրերի պատվիրումից մինչև ապրանքների շրջանառությունից դուրսբերումը։
Ծագրերի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ապահովել Հայաստանում ապրանքների շրջանառության հետագծելիությունը, բարձրացնել շուկայի թափանցիկությունը՝ կանխելով կեղծ ու անորակ ապրանքների տարածումը։ Մասնավորապես, նախաձեռնությունը միտված է ստվերային շրջանառության կրճատմանը, բիզնեսի համար արդար մրցակցային պայմանների ձևավորմանն ու սպառողների իրավունքների պաշտպանությանը։
Միաժամանակ, թվային համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության կարգավորումների ներդաշնակեցմանը, ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժի պարզեցմանն, ինչպես նաև լոգիստիկ ծառայությունների զարգացմանը։