Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նախագահի առողջական վիճակին, հետվիրահատական ապաքինման փուլին և քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) նրա պահման պայմաններին:

Արամ Օրբելյանի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակում այս պահին կոնկրետ կտրուկ վատացում չկա, սակայն նա ունի ամբողջական բուժզննում անցնելու կարիք: Փաստաբանը հիշեցրեց, որ նախագահը վիրահատվել էր կալանավորումից 15 օր առաջ:

«Վիրահատությունը վիրահատությունից դուրս գալով չի ավարտվում: Հետվիրահատական ապաքինման ժամանակահատված կա, որը ոչ պակաս կարևոր է, քան բուն վիրահատությունը: Կալանավորման օրը ինքնազգացողության վատացում էր եղել, որոշակիորեն կարգավորվել է, բայց դա չի նշանակում, որ ռիսկը վերացված է»,- նշեց Օրբելյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ (արյան անալիզներ, էխոկարդիոգրաֆիա, էլեկտրակարդիոգրաֆիա):

Անդրադառնալով ՔԿՀ-ում պահման պայմաններին՝ փաստաբանն ընդգծեց, որ գլոբալ խնդիրները շարունակում են մնալ չլուծված: Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում արգելված է համակարգիչների, նոթբուքերի կամ թաբլետների օգտագործումը, նույնիսկ եթե դրանք զրկված են ինտերնետ կապի կամ լուսանկարելու հնարավորությունից:

«Անձը խիստ սահմանափակված է նյութեր ունենալու և տեքստ հավաքելու հարցում: Քրեական գործի նյութերը բազմահատորանոց են, որոնք կարող են հանգիստ տեղավորվել թաբլետի մեջ: Համակարգչով աշխատելն արգելված է, իսկ ձեռագիր տեքստեր գրելն ու փոփոխություններ անելն այսօր ժամանակակից աշխարհում անհնար է»,- հայտարարեց Օրբելյանը:

Փաստաբանը նաև նշեց, որ խցերի միջև առկա են շոշափելի տարբերություններ, ինչը չպետք է լինի քրեակատարողական հիմնարկներում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment