Միրզոյան․ Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է, ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ հաճույք ենք ստանում գործընթացից

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի ընթացքում, խոսելով Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների մասին և պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը, ասել է, որ վերջնակետը որն է, ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից:

Նախարարի խոսքով՝ չնայած 2025 թվականի գարնանը Հայաստանում ընդունվել է Եվրամիությանը անդամակցելու գործընթացը մեկնարկելու մասին օրենքը, հասարակության շրջանում այդ հարցի վերաբերյալ համապարփակ և խորքային քննարկումներ դեռ չեն անցկացվել։

«Սկսեմ՝ ներկայացնելով, թե ինչ ունենք ներկայում: Եվրոպական միության հետ մեր հարաբերություններն աննախադեպ խորն ու սերտ են և ընդգրկում են ոլորտների ու ուղղությունների աննախադեպ լայն շրջանակ։ Մենք ունենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն։ Մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ ԵՄ դիտորդական առաքելությունը, որը դիտարկում է Հայաստան–Ադրբեջան սահմանին իրավիճակը։ Վերջերս մենք ընդունել ենք նաև երկրորդ առաքելությունը, որը ժամանակավոր բնույթ է կրում, սակայն գործում է մշտական հիմունքներով և աջակցում է մեզ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։

Չլինելով ԵՄ անդամակցության թեկնածու երկիր՝ մենք ստացել ենք ինքնավար առևտրային միջոցներ։ Սա ամենաթարմ նորությունն է. ԵՄ-ն ընդունել է ինքնավար առևտրային միջոցներ՝ աջակցելու Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Մենք նաև Եվրոպական միության հետ ստորագրել ենք համաձայնագիր, որը մեզ հնարավորություն կտա մասնակցելու աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող ԵՄ տարբեր առաքելություններին։

Կրկին, չլինելով անդամակցության թեկնածու երկիր, մենք ստացել ենք Աճի և դիմակայունության ծրագիր և ԵՄ աջակցություն։ Չլինելով թեկնածու երկիր՝ մենք աջակցություն ենք ստացել նաև Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում։ Այսպիսով, խոսքը միայն քաղաքական երկխոսության, տնտեսության կամ առևտրի ոլորտում աջակցության մասին չէ։

Խոսքը նաև անվտանգության, արտաքին քաղաքականության և այլ ոլորտների մասին է։ Այս ամենը նշում եմ՝ ցույց տալու համար, որ Եվրոպական միության հետ միասին մենք գտնվում ենք շարունակաբար նոր հորիզոններ բացահայտելու գործընթացում՝ ԵՄ-ն և Հայաստանը միմյանց ավելի ու ավելի մերձեցնելու նպատակով։

Ձեր հարցն այն է, թե որն է վերջնակետը, վերջնական նպատակակետը։ Վախենամ՝ հիասթափեցնեմ Ձեզ, բայց կարծում եմ՝ ոչ ոք չգիտի։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ անդամ պետությունները։

Թույլ տվեք բացատրել իրական իրավիճակը։ Հայաստանում, եթե լիովին անկեղծ լինենք, ԵՄ անդամակցության վերաբերյալ լուրջ քննարկումները նոր են սկսվել։ Մենք այս հարցի շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ, թեև 2025 թվականի գարնանն ընդունել ենք Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Սա հայկական կողմի ընկալումն է։

Այժմ դիտարկենք ԵՄ-ի ընկալումը։ Մենք արդեն լսեցինք այս հարցի վերաբերյալ մի քանի դիտարկում։

Կա նաև երրորդ շերտը, որը մեր դեպքում չափազանց կարևոր է՝ Հայաստանի հարևանությունը։ Եկեք թվարկենք մեր հարևաններին։ Ադրբեջան. մենք նոր ենք հաստատել խաղաղություն և սկսել երկկողմ առևտուրը։ Մենք բացում ենք միմյանց տարածքները փոխադրումների և տարանցման համար, ապաշրջափակում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները։ Սակայն դեռևս կան մի շարք զգայուն հարցեր, որոնք պետք է լուծվեն։

Արևմուտքում Թուրքիան է, որի հետ մենք շատ ինտենսիվ երկխոսություն ենք վարում։ Մենք կարգավորում ենք հարաբերությունները, սակայն սահմանը դեռևս փակ է։ Հարավում Իրանն է՝ իր բարդ տարածաշրջանային միջավայրով, հանգամանքներով և խնդիրներով։

Հյուսիսում Վրաստանն ու Ռուսաստանն են։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարող եք պատկերացնել հնարավոր արձագանքը և այդ երկրի հետ հարաբերությունների առանձնահատկությունները։ Պատմականորեն մենք շատ սերտ հարաբերություններ ենք ունեցել և այսօր էլ պահպանում ենք ամուր կապեր, սակայն հնարավոր արձագանքը պետք է պատշաճ կերպով կառավարել։ Ոչ ոք չի ցանկանում նոր թշնամիներ ձեռք բերել, և մենք որևէ երրորդ կողմի վնաս հասցնելու շահագրգռվածություն չունենք։

Ինչ վերաբերում է Վրաստանին, պատկերացրեք, թե որքան ավելի հեշտ կլիներ իրավիճակը, եթե Վրաստանը շարունակեր ԵՄ ինտեգրման իր ուղին։ Դա էական փոփոխություն կբերեր և կփոխեր նաև այս բեմում արտաքին գործերի նախարարի հետ մեր քննարկման բնույթը։

Այսպիսով, վերադառնալով հիմնական հարցին՝ կարծում եմ, որ ոչ ոք չգիտի վերջնական նպատակակետը։ Սակայն լավ նորությունն այն է, որ, առնվազն իմ տպավորությամբ, մենք երկուսս էլ՝ Հայաստանը և Եվրոպական միությունը, ներառյալ անդամ պետությունները, հաճույք ենք ստանում այս գործընթացից։

Ուստի եկեք վայելենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորություններ և համագործակցության նոր շերտեր, իսկ ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ արդյոք պետք է «ամուսնանանք», թե ոչ։ Մոդերատոր: Շատ շնորհակալություն։ Բրիտանական անգլերենում մի արտահայտություն կա՝ ավելի լավ է ճանապարհորդել հույսով, քան հասնել տեղ: Հաշվի առնելով Եվրոպական միությունում քաղաքական իրավիճակը՝ թերևս սա տեղին արտահայտություն է»,-ասել է նախարարը:

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում անցկացված «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանն ունեցած ելույթում ներկայացրել է ՀՀ եվրոպական օրակարգի հիմնական առաջնահերթությունները։ Նա հավելել է, որ ՀՀ եվրոպական ձգտումներն ստացել են նաև իրավական և քաղաքական ձևակերպում:

Leave a comment