Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը (PAN.am)

Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։

«Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժել է բազմաթիվ բողոքներ, երբ առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»,–նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով` Քոչարյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքում իրենք հիմնավորել են, որ որևէ հիմնավոր կասկած չկա, որովհետև մեղսագրվող արարքում խոսքն այնպիսի գործընթացների մասին, որտեղ նախագահին վերագրվող գործողությունը բացառապես իր սահմանադրական պատրականությունը կատարելն է եղել։

«Ասում են` նախագահը վավերացրել է կառավարության որոշումները, ձևակերպումներ են տալիս` անձնական շահագրգռվածություն է եղել։ Սահմանադրությամբ պարտականությունները կատարելու համար կա միայն մեկ դրդապատճառ` սահմանադրական պարտականությունները կատարելու պարտավորությունն է»,– ասել է Օրբելյանը։

Փաստաբանը նաև նշել է, որ Քոչարյանի նոր գործի վաղեմության ժամկետը լրացել է, 20 տարի առաջվա գործընթացներ են, այդ հիմքով բողոքարկելու են Վճռաբեկ դատարան։

Օրբելյանը նշել է, որ այժմ սպասում են` կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն լինելու է, թե ոչ, չնայած, ըստ իրենց, բոլոր կանոնների համաձայն՝ պետք է չլինի։

Նա նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ գործում ներառված է 60 քննիչ, այն դեպքում, որ ծավալն այնպիսին է, որ մաքսիմում 10 քննիչ կարող էր քննել։

Օրբելյանը նաև ասել է, որ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները շարունակում են վատ լինել։

Օգոստոսի 25-ին մի քանի տասնյակ հասցեներում իրականացված խուզարկություններից հետո ձերբակալվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանն ու ևս 4 անձ։ Ավելի ուշ նրանք կալանավորվել են: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սեդրակ Քոչարյանին, իր հերթին, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Leave a comment