Բախումներ, արցունքաբեր գազ և վիրավոր ոստիկաններ․ Ֆրանսիայում աշակերտների ցույցերը վերածվել են անկարգությունների

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ երեքշաբթի օրը մայրաքաղաքում հոսպիտալացվել է 11 ոստիկան։ Նախարարն այդ օրն անվանել է «առանձնահատկապես ծանր» տեղական իրավապահ մարմինների համար։ Երեքշաբթի օրը Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտների խաղաղ ցույցերը, որոնց միացել էին հազարավոր մարդիկ, վերածվել են զանգվածային անկարգությունների։ Փարիզի Վոբան հրապարակում՝ Հաշմանդամների տան հարևանությամբ, բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և հրավառության միջոցներ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ի պատասխան կիրառել են ջրանետներ և արցունքաբեր գազ՝ փորձելով ցրել ամբոխը։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը սոցիալական ցանցերի իր էջում հավելել է, որ ցանկանում է վերահաստատել իր կոշտ դիրքորոշումը ոստիկանների վրա հարձակվող ագրեսիվ տրամադրված անձանց նկատմամբ։ Ոստիկանությունը կիրառել է նաև լուսաձայնային նռնակներ, ինչը հաստատել է իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը։ Ֆրանսիայում լուսաձայնային նռնակների կիրառումը ավելի ու ավելի շատ հարցեր է առաջացնում․ կառավարությունը ժամանակավորապես կասեցրել է դրանց որոշակի տեսակի կիրառումը այն բանից հետո, երբ սույն ամսվա սկզբում դպրոցի շենքի մոտ իրականացված ոստիկանական գործողության ընթացքում 15-ամյա աշակերտը զրկվել էր դաստակից։

Իշխանությունների տվյալներով՝ ողջ երկրում անցկացված բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 161 500 մարդ, որոնցից 41 500-ը դուրս են եկել Փարիզի փողոցներ։ Արհմիությունները ներկայացնում են զգալիորեն ավելի բարձր թվեր՝ ողջ երկրում մասնակիցների ընդհանուր թիվը գնահատելով մոտ 480 000 մարդ։ Նախորդ ուսանողական ակցիաների բազմաթիվ մասնակիցներ արտահայտվել էին հօգուտ խաղաղ բողոքի, սակայն ոմանք պնդում էին, որ բռնությունը կարող է համարվել օրինական պատասխան ոստիկանական դաժանությանը։ Ցուցարարներից մեկի խոսքով՝ սա ուսանողների և ուսուցիչների ապստամբությունն է, իշխանությունների կողմից չկա որևէ արձագանք կամ իրենց պահանջները լսելու ցանկություն, իսկ ոստիկանության կողմից տեսնում են միայն բռնություն, որի պատճառով էլ ի պատասխան կիրառում են բռնություն։ Նա հավելել է, որ ջարդված ցուցափեղկերն ու հրդեհված աղբամանները խնդիր չեն, քանի որ վնասը կփոխհատուցի ապահովագրությունը։

Ֆրանսիայում բողոքի ակցիաներն ու ուսումնական հաստատությունների շրջափակումները սկսվել են փարիզյան արվարձաններում սեպտեմբերի մեջտեղին, որից հետո արագորեն տարածվել են ողջ երկրում։ Դժգոհության պատճառներն են դարձել ուսուցիչների պակասը, դպրոցների վատ նյութատեխնիկական ապահովվածությունը և գերբեռնված դասարանները։ Կյանքի թանկացման ճգնաժամով և վառելիքի գնաճով պայմանավորված շաբաթ օրը նախատեսված զանգվածային ցույցերին ընդառաջ՝ մասնակիցներից ոմանք հույս են հայտնել, որ ուսանողական բողոքը վերաճելու է ավելի լայն հասարակական շարժման։ Ցուցարարներից մեկը նշել է, որ տարիներով կուտակված ցասումը ելք է գտնում, և ուսանողական շարժումը դարձել է այն կայծը, որը վառել է պատրույգը։ Մեկ այլ մասնակից ընդունել է, որ երեքշաբթի օրը դիմակավորված անձինք ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր, այդ թվում՝ քարեր, սակայն արցունքաբեր գազի կիրառումն անվանել է անհամաչափ միջոց։

Իրավապաշտպան կազմակերպությունները ոստիկանությանը մեղադրել են ցուցարարների նկատմամբ չափազանցված ուժ կիրառելու մեջ։ Amnesty International-ի ֆրանսիական մասնաճյուղի ղեկավար Անն Սավինել-Բարասը իշխանություններին կոչ է արել ապահովել ցույցերին մասնակցող երիտասարդների առավելագույն անվտանգությունը։ Նա հայտարարել է, որ իշխանությունները պարտավոր են երաշխավորել երիտասարդների անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանել խաղաղ ցույցերի նրանց իրավունքը և ստեղծել պայմաններ դրա իրականացման համար, իսկ ոստիկանության ցանկացած գործողություն պետք է լինի օրինական, անհրաժեշտ և համաչափ։ Ֆրանսիական Alliance Police Nationale խոշոր ոստիկանական արհմիության ազգային քարտուղար Ստանիսլաս Գոդոնը նշել էր, որ ոստիկանությունը կենտրոնացած է դպրոցների մերձակայքում անվտանգության ապահովման վրա։ Նա ընդգծել էր, որ ագրեսիայի և ուժի կիրառման իրավիճակներում անհրաժեշտ է որոշել գործողությունների համաչափությունն ու օրինականությունը, իսկ եթե խոսքը ոստիկանների վրա կրակ բացած կամ թթու նետած անձանց մասին է, ուժի կիրառումն ամբոխը ցրելու համար անհրաժեշտ է։

Բացի այդ, ֆրանսիական Սեն Դենիում՝ Փարիզի հյուսիսային արվարձանում, բողոքի ակցիային միացել է շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Դպրոցի շենքի մոտ լրագրողների առջև ելույթ ունենալով՝ Թունբերգն հայտարարել է, որ երիտասարդությանը չեն թույլատրում մասնակցել կարևոր հարցերի քննարկմանը և խլում են նրանց ապագան։ Նա ընդգծել է, որ դպրոցները չեն ստանում անհրաժեշտ ներդրումները, ինչը երիտասարդության համար ազդանշան է ծառայում, որ իրենք հասարակության համար առաջնահերթություն չեն հանդիսանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment