Փաշինյան․ ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում

ՀՀ և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակմամբ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրել է իր պատկերացումը, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո ֆեյսբուքյան տեսանյութում:

Նա նշել է, որ Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք։

«Ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։ Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմաթիի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ։ Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն։

Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն TRIPP նախագծի շրջանակում, բայց ոչ միայն։ Բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում՝ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ երկու պետությունները պետք է հրաժարվեն միմյանց նկատմամբ ցանկացած պահանջից:

«Որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ թողնեն իրար բոլոր հարցերում՝ ներառյալ Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջևան տրամաբանությամբ կամ արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ»,-ասել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներից ունի տպավորություն, որ կա այդպիսի իրական հնարավորություն:

«Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք: Եվ առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունը իրագործելով, այդ հնարավորությունը իրականություն դարձնելով»,- ասել է Փաշինյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a comment