Հռոմի պապ Լեոն XIV վիրահատությունը հաջող է անցել (PAN.am)

Հռոմի պապ Լևոն XIV թոքի հանգուցային գոյացության հեռացման վիրահատության է ենթարկվել Հռոմի Ջեմելիի անվան հիվանդանոցում, որը հաջող է անցել, տեղեկացրել է Vatican News լրատվական հարթակը։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վիրահատությունն իրականացրել է վիրաբույժների մասնագիտացված խումբը՝ պրոֆեսոր Ստեֆանո Մարգարիտորայի ղեկավարությամբ։

Բժշկական միջամտությունն անցել է առանց բարդությունների, նախատեսված ժամանակահատվածում և նախապես հաստատված ծրագրին համապատասխան։ Վիրահատությունից հետո պոնտիֆիկոսը վերադարձել է հիվանդասենյակ, գրում է Deutsche Welle-ն:

Բժիշկները դեռ պետք է լրացուցիչ հետազոտությունների միջոցով պարզեն՝ հեռացված գոյացությունը չարորակ է, թե ոչ։ Այն հայտնաբերվել է պլանային բժշկական ստուգումների ընթացքում՝ հիվանդության զարգացման շատ վաղ փուլում։

Առաջիկայում նախատեսվում են լրացուցիչ հետազոտություններ, իսկ պոնտիֆիկոսի բոլոր հանդիպումները ժամանակավորապես չեղարկվել են։

Նախնական գնահատականներով՝ վիրահատությունից հետո Հռոմի պապը հիվանդանոցում կմնա շուրջ մեկ շաբաթ։

Դիտորդների ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ նա անձամբ է հանրությանը տեղեկացրել առաջիկա վիրահատության մասին։ Մասնավորապես, կիրակնօրյա Angelus աղոթքից հետո Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալների առջև պոնտիֆիկոսը հայտնել է նախատեսված բժշկական միջամտության մասին։

Նախկինում Վատիկանը հաճախ է քննադատության ենթարկվել Հռոմի պապերի առողջական վիճակի վերաբերյալ ոչ հստակ, երբեմն էլ խիստ անորոշ հայտարարություններ տարածելու համար։ Եղել են նաև դեպքեր, երբ Սուրբ Աթոռն ընդհանրապես տեղեկություններ չի հրապարակել պոնտիֆիկոսների առողջական խնդիրների մասին։

Հոկտեմբերի 11-ի քարոզի ընթացքում Լեոն տասնչորսերորդը վերահաստատել է, որ, չնայած վիրահատությանը, մտադիր է պահպանել իր միջազգային այցերի նախապես հաստատված ժամանակացույցը։

Նա նախատեսում է հաջորդ ամսվա սկզբին մեկնել Հարավային Ամերիկա՝ այցելելով Ուրուգվայ, Պերու և Արգենտինա։ Հռոմի պապի պաշտոնական օրակարգի համաձայն՝ ուղևորությունը նախատեսված է նոյեմբերի 6-17-ը։

AP գործակալությունը նախկինում հայտնել է, որ Հռոմի պապը մինչ այս առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել։

Պոնտիֆիկոսը վարում է ակտիվ կենսակերպ։ Նա շաբաթական մեկ անգամ թենիս է խաղում, ինչպես նաև զբաղվում է լողով, երբ հանգստանում է Իտալիայի Կաստել Գանդոլֆո քաղաքում գտնվող իր ամառային նստավայրում։

Leave a comment