«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան

Քաղաքականություն

14.10.2026 | 11:44

Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների և Եվրամիության շահերը չեն հակասում միմյանց, և երկու կողմերը հաջողությամբ համագործակցում են։ Այս մասին հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում, որից կարող են շահել նաև Եվրամիությունն ու նրա անդամ պետությունները։ Նախարարը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում համընկնում են բազմաթիվ երկրների և ուժային կենտրոնների շահերը։

ԱԳՄԱ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Մոդերատոր. Նախարար Միրզոյան, որպես եզրափակիչ անդրադարձ՝ ի՞նչ կասեք Միացյալ Նահանգների և Ձեր տարածաշրջանում նրա դերակատարության մասին։

Արարատ Միրզոյան. Ես կնախընտրեի ԱՄՆ–ԵՄ հարաբերությունների գնահատականը թողնել Եվրոպական միության և Միացյալ Նահանգների պաշտոնյաներին։ Ինչ կարող եմ ասել, այն է, որ իմ երկրում և, հավանաբար, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում նրանց շահերը չեն հակասում միմյանց, և նրանք հիանալի համագործակցում են։

Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման և ապաշրջափակման գործընթացում։ Սա կարևորագույն կապող օղակ է լինելու հաղորդակցության և փոխադրումների համար, օրինակ, Պորտուգալիայի և Չինաստանի, Արևմուտքի և Արևելքի միջև։

Կարծում եմ՝ Եվրոպական միությունը և նրա անդամ պետությունները նույնպես այս գործընթացի շահառուներից են։

Այսպիսով, Հարավային Կովկասի ապաշրջափակման հարցում համընկնում են աշխարհի բազմաթիվ երկրների և ուժային կենտրոնների շահերը»։

Leave a comment