Թուփաք Շաքուրի սպանության գործով Դուեյն Դևիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման

Լաս Վեգասի դատարանը 63-ամյա Դուեյն Դևիսին 40 տարվա ազատազրկման է դատապարտել 1996 թվականին ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության համար։ Երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել օգոստոսի վերջին։

Հոկտեմբերի 13-ին Լաս Վեգասի դատարանը հրապարակել է լեգենդար ռեփեր Թուփաք Շաքուրի՝ 1996 թվականին տեղի ունեցած սպանության գործով դատավճիռը։

Դատավճռի հրապարակման ժամանակ դատավոր Քարլի Քիրնին անդրադարձել է մեղադրյալի՝ նախորդ տարիներին հնչեցրած հայտարարություններին, գրում է BBC-ն:

«Երեք տարվա ընթացքում ես ձեզանից լսել եմ նույն բանի տարբեր ձևակերպումները. «Այո՛, ես առնչություն եմ ունեցել դրան։ Բայց հիմա ես այլ մարդ եմ։ Անցյալը թողել եմ հետևում։ Ես հեռացել եմ Քոմփթոնից։ Հիմա արդեն պապիկ եմ»»,- դատավճիռը հրապարակելիս հայտարարել է դատավոր Քարլի Քիրնին։

Դատավորը նաև ընդգծել է, որ տարիների ընթացքում մարդու փոխվելը չի կարող վերացնել կատարված հանցագործության համար պատասխանատվությունը։

«Դուք իրավունք չունեք մարդուն խլելու իր ընտանիքից։ Դուք իրավունք չունեք նրան զրկելու կյանքից, նրա ամբողջ ապագայից, իսկ հետո պարզապես հեռանալու՝ կարծես ոչինչ չի պատահել»,- դիմելով մեղադրյալին՝ ասել է դատավորը։

Միացյալ Նահանգներում այսպիսով ավարտվել է տասնամյակներ շարունակ չբացահայտված ամենաաղմկահարույց սպանություններից մեկի՝ Թուփաք Շաքուրի գործով դատավարությունը։

1996 թվականի սեպտեմբերի 7-ին անհայտ անձը կրակ է բացել հայտնի ռեփերի ուղղությամբ՝ ընթացող ավտոմեքենայից։ Այդ պահին Շաքուրը երաժշտական արդյունաբերության ազդեցիկ ներկայացուցիչ Մերիոն «Շուգ» Նայթի հետ ուղևորվելիս է եղել Լաս Վեգասի ակումբներից մեկը։

Ստացած հրազենային վնասվածքների հետևանքով երաժիշտը մահացել է սեպտեմբերի 13-ին՝ հարձակումից վեց օր անց։ Նրա հետ ավտոմեքենայում գտնվող «Շուգ» Նայթին հաջողվել է ողջ մնալ։

Դուեյն «Քիֆի Դի» Դևիսը դարձել է միակ անձը, որը քրեական պատասխանատվության է ենթարկվել Թուփաք Շաքուրի սպանության համար։

Դատախազները հայտարարել են, որ բավարար ապացուցողական հիմքեր չեն ունեցել գործով այլ անձանց մեղադրանք առաջադրելու համար։ Նրանց տեղեկություններով՝ ևս երեք տղամարդ, որոնք ենթադրաբար գտնվել են ռեփերի ուղղությամբ կրակոցներ արձակած ավտոմեքենայում, արդեն մահացել են։

Դևիսը ժամանակին եղել է South Side Compton Crips հանցավոր խմբավորման առաջնորդներից մեկը։ Միևնույն ժամանակ Մերիոն «Շուգ» Նայթը և նրա հիմնադրած Death Row Records ձայնագրման ընկերությունը, որի հետ պայմանագիր է ունեցել Թուփաք Շաքուրը, կապեր են ունեցել մրցակից Mob Piru Bloods խմբավորման հետ։

2019 թվականին Դևիսը հրապարակել է իր հուշագրությունները, որոնցում մանրամասներ է ներկայացրել հայտնի երաժշտի սպանության հանգամանքների վերաբերյալ։

Նրա նկարագրությամբ՝ ողբերգական իրադարձություններին նախորդել է Թուփաք Շաքուրի և Դևիսի զարմիկ Օռլանդո Անդերսոնի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը։ Դրանից հետո South Side Compton Crips խմբավորման անդամներից մեկը որոշել է տեղի ունեցածն անպատասխան չթողնել։

Իր հուշերում «Քիֆի Դի»-ն խոստովանել է, որ գտնվել է այն ավտոմեքենայում, որտեղից կրակել են ռեփերի ուղղությամբ։ Նա նաև հայտարարել է, որ սպանության համար օգտագործված ատրճանակը տրամադրել է անձամբ։

Դևիսը ձերբակալվել է 2023 թվականին։ Սակայն քրեական հետապնդման ընթացքում նա փորձել է հրաժարվել սեփական հուշագրություններում ներկայացված պատմության հավաստիությունից։

Մեղադրյալը պնդել է, որ գիրքը հրատարակել է գումար և ճանաչում ձեռք բերելու նպատակով։ Ավելին՝ նրա խոսքով՝ ինքը նույնիսկ տեղյակ չի եղել, թե կոնկրետ ինչ է գրված այդ աշխատության մեջ։

Դատավարության ընթացքում պաշտպանական կողմը շարունակել է հիմնվել նույն դիրքորոշման վրա՝ փորձելով կասկածի տակ դնել հուշագրություններում տեղ գտած տեղեկությունների արժանահավատությունը։

«Դուք կարդում եք մի գիրք, որը հորինվածք է, ոչ թե փաստ, սակայն պետությունը ցանկանում է, որ դուք հավատաք, թե դա խոստովանություն է»,- հայտարարել է «Քիֆի Դի»-ի փաստաբան Մայքլ Սանֆթը։

Չնայած պաշտպանների ներկայացրած փաստարկներին՝ երդվյալ ատենակալները Դևիսին մեղավոր են ճանաչել հրազենի կիրառմամբ առաջին աստիճանի սպանություն կատարելու համար։

Ամերիկյան օրենսդրությամբ տվյալ մեղադրանքով նախատեսված առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորության։ Սակայն դատարանը Դուեյն Դևիսի նկատմամբ սահմանել է 40 տարվա ազատազրկում։

Leave a comment