«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

14.10.2026 | 11:52

Թուրքիայում «Köklü Değişim» («Արմատական փոփոխություն») իսլամական-քաղաքական շարժումը երեկ երեկոյան բողոքի ցույցեր է կազմակերպել Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում ադրբեջանական հյուպատոսության շենքերի մոտ՝ ընդդեմ «Ալիևի ռեժիմի կողմից գլխաշոր կրելու արգելքի»։ Կազմակերպությունը նշում է, որ սեպտեմբերի 21-ին Ադրբեջանում ընդունված համազգեստի կանոնակարգն արգելում է գլխաշոր կրել դպրոցներում։ Ադրբեջանցիները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու այս ճնշման դեմ, Թուրքիան նույնպես աջակցում է  այս նշանակալի դիմադրությանը։

Անկարայում Ադրբեջանի դեսպանատան առջև հայտարարությունն ընթերցել է աստվածաբան, գրող Աբդուլլահ Իմամօղլուն, իսկ Ստամբուլում հյուպատոսարանի առջև՝ շարժման ներկայացուցիչ Մուհամմեդ Էմին Յըլդըրըմը։

«Մենք ձեր թշնամանքն իսլամի նկատմամբ ճանաչում ենք այն բարեկամությունից, որ դուք պահպանում եք Գազայում մեր եղբայրներին դաժանաբար կոտորող և այդ հողերն ապօրինաբար զավթած հրեական պետության հետ։ Երեկ այս հողերում Խորհրդային Միության աթեիստական վարչակարգն էր ճնշում ու հալածում հավատացյալներին, իսկ այսօր դուք նույնն անում եք «աշխարհիկության» անվան տակ»,- ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հայտարարության մեջ ուղղված։

Հայտարարության հեղինակները դիմել են նաև Թուրքիայի կառավարությանը, որը «լռել է արգելքի վերաբերյալ»։

Հայտարարության վերջին հատվածում հեղինակները նաև դիմել են Ալիևի վարչակազմին․ «Ալիևի բռնակալ ռեժիմ, սա մեր վերջին խոսքն է ձեզ. ձեռքերդ հեռո՛ւ պահիր մեր մուսուլման քույրերի հիջաբից։ Անմիջապես չեղյալ հայտարարիր այս արգելքը»։

Ցուցարարները նաև վանկարկել են այնպիսի «Թող կոտրվեն հիջաբին դիպչող ձեռքերը», «Հիջաբը պատիվ է, այն չի կարող արգելվել», «Մուսուլմանները չեն կարող լռել ճնշման առջև», «Իսլամի թշնամի բռնակալ Ալիև», «Սիոնիստների բարեկամ խամաճիկ Ալիև», «Ալիև, ձեռքերդ հեռու պահիր հիջաբից», «Թող դժոխքը սպասի բռնակալներին» և այլ կարգախոսներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment