ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարության և ծրագրերի պատասխանատուների հետ միասին, հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարության մասնագիտական խմբին՝ փոխնախարար Էդգար Մկրտչյանի գլխավորությամբ:
Ինչու է դա կարևոր. Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Արտաշատ-Սիսիան հատվածը հանդիսանում է ամենախոշոր և բարդ ենթակառուցվածքային հանգույցներից մեկը: 2016 թվականին պատրաստված տեխնիկատնտեսական ուսումնասիրությունից և նախնական նախագծից հետո այժմ աշխատանքներ են տարվում մանրամասն նախագծման գործընթացը պաշտոնապես մեկնարկելու ուղղությամբ:
Ծրագրի առանցքային ցուցանիշներն ու քննարկված հարցերը.
-
Ճանապարհի պարամետրերը. Արտաշատ-Սիսիան հատվածն ունենալու է 161.5 կմ երկարություն:
-
Ինժեներական կառույցներ. Նախատեսվում է կառուցել 59 կամուրջ (ընդհանուր՝ 13.2 կմ երկարությամբ), 9 թունել (ընդհանուր՝ 12.4 կմ երկարությամբ) և 22 տրանսպորտային հանգույց:
-
Օրակարգը. Քննարկվել են ծրագրի իրականացման ռազմավարությունը, առաջնահերթությունները, ֆինանսավորման մեխանիզմները և մանրամասն նախագծման ուղղությամբ առաջիկա հստակ քայլերը: