Երեքշաբթի օրը Լաս Վեգասի դատարանը 63-ամյա Դուեյն «Keffe D» Դեւիսին դատապարտել է 40 տարվա ազատազրկման՝ 1996 թվականին լեգենդար ռեփեր Թուփաք Շակուրի սպանության համար։ Օգոստոսի վերջին ատենակալների կազմը նրան մեղավոր էր ճանաչել։
«Երեք տարի շարունակ ես ձեզանից լսել եմ նույն բանի տարբեր վարկածներ. «Այո, ես մասնակցություն եմ ունեցել։ Բայց հիմա ես այլ մարդ եմ։ Անցյալը թողել եմ հետևում։ Դուրս եմ եկել Քոմփթոնից։ Հիմա պապիկ եմ»»,- հայտարարել է դատավոր Քարլի Քերնին դատավճիռը հրապարակելիս։
«Դուք իրավունք չունեք մարդուն խլելու իր ընտանիքից։ Իրավունք չունեք զրկելու նրան հենց կյանքից՝ նրա ողջ ապագայից, և հետո պարզապես հեռանալ, կարծես, ոչինչ էլ տեղի չի ունեցել», — ասել է նա՝ դիմելով ամբաստանյալին։
Նեւադայի դատարանի կայացրած դատավճիռը ներառում է 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում՝ առաջին աստիճանի սպանության համար, և 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում՝ մահացու զենքի կիրառմամբ ծանրացնող հանգամանքի համար։
Անհայտ հարձակվողը կրակել էր լեգենդար ռեփեր Թուփաք Շակուրի վրա ընթացող մեքենայից 1996 թվականի սեպտեմբերի 7-ին, երբ վերջինս ու երաժշտական ոլորտի գործիչ Մերիոն «Սյուջ» Նայթը ուղևորվելիս էին եղել Լաս Վեգասի ակումբներից մեկը։ Երաժիշտը ստացած վնասվածքներից մահացել էր սեպտեմբերի 13-ին, իսկ «Սյուջը» ողջ էր մնացել։
Դուեյն «Keffe D» Դեւիսը միակ անձն է, ով քրեական պատասխանատվության է ենթարկվել Թուփաքի սպանության համար։ Մեղադրող կողմը հայտարարել էր, որ բավարար հիմքեր չեն եղել այլ անձանց մեղադրանք առաջադրելու համար։ Մյուս երեք տղամարդիկ, ովքեր, ըստ վարկածի, եղել են այն մեքենայում, որից կրակել էին ռեփերի վրա, մահացել են։
Դևիսը «South Side Compton Crips» ավազակախմբի պարագլուխն է եղել, մինչդեռ Մերիոն Նայթն ու նրա «Death Row Records» ձայնագրման լեյբլը (որի հետ պայմանագիր ուներ Թուփաքը) կապված էին եղել մրցակից «Mob Piru Bloods» ավազակախմբի հետ։ 2019 թվականին Քեֆֆի Դին հրապարակել էր հուշագրություն, որում նկարագրված էր եղել ռեփերի սպանությունը։ Թուփաք Շակուրը վիճաբանության մեջ էր մտել Դեւիսի զարմիկի՝ Օռլանդո Անդերսոնի հետ, և «South Side Compton Crips» խմբավորման անդամը որոշել էր անպատիժ չթողնել այդ միջադեպը։ «Keffe D»-ն հայտնել էր, որ ինքը եղել էր այն մեքենայի մեջ, որից կրակել էին երաժշտի վրա, և հենց ինքն է տրամադրել սպանության համար օգտագործված հրազենը։