«Հրապարակ» թերթը գրում է. Օգոստոսի վերջերից խոսակցություններ կան Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետկանչի մասին, ինչի վերաբերյալ գրվեց եւ չհերքվեց։ Սեպտեմբերին Արսենյանը Հայաստանում էր, եւ բոլորը վստահ էին, որ նա այլեւս չի վերադառնալու Մոսկվա: Սակայն, ի զարմանս շատերի, նա կրկին մեկնել է եւ շարունակում է կատարել դեսպանի պարտականությունները, քանի որ, ըստ մեր աղբյուրի, նոր դեսպանի ագրեմանի հարցը դեռ լուծված չէ։ Տեղեկացանք, որ երեկ Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել՝ ՀՀ անկախության 35-ամյակի առիթով, չնայած Անկախության տոնից 20 օր անցել է: Նրա մտերիմները նշեցին, որ ընդունելությունն Արսենյանը կազմակերպել է իր հաշվին, որը նաեւ հրաժեշտի միջոցառում կարող էր համարվել։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկայում ՌԴ ԱԳՆ-ում են դեսպանի հետ հրաժեշտի հատուկ միջոցառում կազմակերպելու: Ռուսական կողմն ի սկզբանե թեեւ որոշ վերապահումներ ուներ՝ Արսենյանի հետ կապված, սակայն հետագայում լեզու գտան, ինչն էլ թերեւս նրա պաշտոնանկության պատճառ դարձավ: Գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ աշխատած 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որը նաեւ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: Բայց ռուսական կողմը կարող է նրա թեկնածությանը չհամաձայնել: