Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկություններն իրականացվել են՝ չարամտորեն հարկերից խուսափելու և փողերի լվացման վերաբերյալ վարույթով՝ դրա նախաձեռնումից չորս ամիս անց։Փաստաբանը մանրամասել է, որ հաղորդումը ներկայացվել է 2025թ․ հոկտեմբերի 8-ին, վարույթը՝ նախաձեռնվել հոկտեմբերի 9-ին, այսինքն, վարույթը նախաձեռնելուց չորս ամիս անց են որոշել խուզարկություններ իրականացնել։
Ալեքսանյանը մանրամասներ է հայտնել քրեական վարույթից, ըստ որի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ՝ իբրև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած իբրև ուներ հնարավորություն տվյալ պարագաները ձեռք բերել ավելի ցածր արժեքով՝ ուղղակի, անմիջապես ներմուծող և արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև թույլ տալով նաև, որ այդ ընկերությունները, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացրել են մեծ շահույթներ՝ այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերից և արդյունքում որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները։
Ալեքսանյանը նշել է, որ բարձրաստիճան հոգևորականների մասին որոշակիացված տվյալներ առկա չեն, ինչ վերաբերում է թվաբանական ցուցանիշին՝ փաստաբանը չի կարող հրապարակել՝ նախաքննական գաղտնիքով պայմանավորված։ Ինչ վերաբերում է խուզարկությամ առգրավված իրերին, ապա Ալեքսանյանը հայտնեց, որ բացի փաստաթղթերից Արմեն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են նաև գումարներ, մինչդեռ, որոշման մեջ չկար գեթ մեկ նշում, որ կարող են դա վերցնել։
Քրեական վարույթի նախաձեռնումից չորս ամիս անց խուզարկություններ իրականացնելը փաստաբանը պատահական չի համարում, հիշեցնում է՝ Եկեղեցու և Վեհափառի շուրջ տեղի ունեցող իրավիճակը։ Այս քրեական վարույթի գոյության մասին իմացել են այսօր՝ խուզարկությամբ, այս չորս ամսվա ընթացքում ԲԿ որևէ աշխատակից չի իմացել, չի հրավիրվել հարցաքննության։