Ազգային ժողովի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ընդդիմության առաջիկա անելիքներին, երկրի ներքաղաքական իրավիճակին, ՏԻՄ ընտրություններին և Հայաստանի անվտանգային ու արտաքին քաղաքական մարտահրավերներին։
Խոսելով ընդդիմադիր ուժերի համախմբման և դրա բուն նպատակի մասին՝ պատգամավորը հստակեցրել է, որ գլխավոր խնդիրը գործող իշխանության հեռացումն է:
«Մեր օրակարգում գլխավոր նպատակը անփոփոխ է… իհարկե, այդ նպատակը Հայաստանում մեծ փոփոխությունն է, Հայաստանում իշխանափոխությունն է: Համախմբվում ենք Հայաստանը այս կործանաբեր շղթայից դուրս բերելու համար: Նիկոլ Փաշինյանի հեռացումը մեր օրակարգում է, և դա գլխավոր հարցն է»,- հայտարարել է Ղահրամանյանը: Նա կարծիք է հայտնել, որ գործող վարչապետի վարած քաղաքականությունը սպառնալիք է երկրի համար. «Նիկոլ Փաշինյանը մի անձ է, որը այս հասարակությանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ։ Մենք պիտի կանգնեցնենք այդ ընթացքը»։
Անդրադառնալով ընտրական գործընթացին՝ Ղահրամանյանը պնդել է, որ այն ուղեկցվել է ապօրինություններով և ճնշումներով. «Ընտրությունները ընթացել են կոպտագույն խախտումներով, խայտառակ վարչական ռեսուրսի և քրեական գործիքակազմի կիրառմամբ»: Պատգամավորի պնդմամբ՝ իշխանությունը ճնշումներ են իրականացնում. «Այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումները աննախադեպ մակարդակի են բարձրացված… Այդ տոտալ ռեպրեսիաների, անհավասար մրցակցային պայմաններում Նիկոլ Փաշինյանը եթե չէր վախենում Սամվել Կարապետյանից, թող խափանման միջոցը՝ տնային կալանքը, ապօրինի խափանման միջոցը վերացներ, և Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենար հավասար պայմաններում մասնակցել քարոզարշավին»:
Նա քննադատության է ենթարկել իշխանության արտաքին և անվտանգային քաղաքականությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությանն ու գործողություններին արձագանքելու հարցը:
«Նիկոլ Փաշինյանը չի կարողանում Ալիևի առաջ պահանջ դնել։ Ցավոք, այս տարիների պատմությունը դրան է հանգում»,- նշել է պատգամավորը՝ պնդելով, որ իշխանության ներկայացրած իրականությունը խեղաթյուրված է. «Իրականությունն այն է, որ հայ մայրը սեփական ուժերով պաշտպանել է իր զավակներին զինված ադրբեջանցուց… Զինված ադրբեջանցին կարողանում է ներթափանցել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, վերահսկվող տարածք»:
Ղահրամանյանը շեշտադրել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների չլուծված հարցը, որը, ըստ նրա, իշխանության զիջողականության արդյունք է. «Մենք ունեինք բոլորը բոլորի դիմաց սկզբունքը, որը չպահպանվեց Ադրբեջանի կողմից, և Նիկոլ Փաշինյանը այդտեղ էլ զիջեց… Առնվազն ակնկալվում է, որ նրա [ադրբեջանցի զինծառայողի] արտահանձնման դիմաց պիտի հայ գերիներ վերադարձվեն Հայաստան»։
Խոսելով սահմանազատման գործընթացի և հայկական տարածքների օկուպացիայի մասին՝ ընդդիմադիր գործիչն ուղիղ հարց է հղել իշխանությանը. «Ինչու՞ սահմանազատման պրոցեսը չի շարունակվում այն հատվածներում, որտեղից ադրբեջանական զորքերը պիտի դուրս գան»: Նրա խոսքով՝ «Առանձին գործընթաց չի կարող լինել ընդհանուր բանակցային պրոցեսի մեջ»:
Ղահրամանյանը պնդել է, որ պայքարի մեթոդները չեն սահմանափակվելու միայն խորհրդարանական աշխատանքով. «Այո՛, փողոցային պայքարը շարունակում է մնալ մեր գործիքակազմերի մեջ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան