Արցախից տեղահանված ավելի քան 8,6 հազ. ընտանիք ՀՀ-ում բնակարանի հավաստագիր է ստացել․ նախարարություն

Դրանցից իրացվել է 4911 հավաստագիր


ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Պետական բնակապահովման ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելու հավաստագրեր 2026 թ.-ի հոկտեմբերի 12-ի դրությամբ ստացել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 8643 ընտանիք, երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտնել է Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։


«Դրանցից իրացվել է 4911 հավաստագիր», — ասել է Թորոսյանը։


2026 թ.-ի հունիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների աջակցության համար 2025 թ.-ին պետական բյուջեից փաստացի հատկացվել է 45,7 մլրդ դրամ, իսկ 2023 թ.-ից ի վեր՝ ընդհանուր առմամբ շուրջ 146 մլրդ դրամ։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը ծրագրում է շուրջ 800 մլրդ դրամ ուղղել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի իրականացմանը։


Հայաստանում 2024 թ.-ից գործում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական ծրագիրը: Այն նախատեսում է պետական աջակցությամբ բնակարանի ձեռքբերման կամ կառուցման հավաստագրերի տրամադրում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3–5 մլն դրամի չափով՝ կախված բնակավայրից: Մասնակցության պարտադիր պայման է ընտանիքի բոլոր անդամների Հայաստանի քաղաքացիություն ունենալը:


 

Leave a comment