«Հայաստանի տնտեսության աճը մեծապես կապված է դրամի արժևորման և գների աճի, այլ ոչ թե միայն արտադրության ընդլայնման հետ». նախկին փոխվարչապետ

Վերջին տարիներին դոլարային արտահայտությամբ Հայաստանի տնտեսության անվանական ծավալի ավելացման նշանակալի մասը պայմանավորված է ազգային արժույթի արժևորմամբ և գների աճով, այլ ոչ թե միայն արտադրության ընդլայնմամբ, հայտարարել է նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը


ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերջին տարիներին դոլարային արտահայտությամբ Հայաստանի տնտեսության անվանական ծավալի ավելացման նշանակալի մասը պայմանավորված է ազգային արժույթի արժևորմամբ և գների աճով, այլ ոչ թե միայն արտադրության ընդլայնմամբ։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը 168.am լրատվական կայքի «Դասեր» հաղորդման ժամանակ:

Նրա խոսքով, չնայած արտաքին առևտրի մեծ ծավալի շրջանառությանը, այդ գործարքների շրջանակներում ստեղծված ավելացված արժեքը մնում է համեմատաբար փոքր:

«Եթե մենք 2026 թվականին ունենք արտաքին առևտրի շրջանառության նվազում, բայց ավելացված արժեքի ավելացում, դա նշանակում է, որ մեր տնտեսական հոսքերը, արտաքին առևտրի հոսքերը շատ քիչ են կապված Հայաստանի տնտեսությունում ստեղծվող արդյունքի հետ։ Դրանք ուղղակի սպասարկում են որոշակի հոսքեր, որոնք վերարտահանման կամ այլ խնդիրներ են սպասարկում», – նշել է Գաբրիելյանը։

Վերջին տարիներին ՀՀ տնտեսության դինամիկան մեկնաբանելով՝ նախկին փոխվարչապետը նշել է, որ դրա դոլարային անվանական արժեքը շուրջ 14 միլիարդ դոլարից աճել է մինչև 30 միլիարդ դոլար: Ավելին, նա գնահատում է, որ այս աճի էական մասը կազմում է վերագնահատումը:

«Մենք ունենք ոչ թե արտադրանքի ավելացում և զարգացում, այլ, ըստ էության, ազգային արժույթի արժևորում և գների աճ․ դրա հետևանքով էլ ունենք ավելի մեծ ծավալներ», – բացատրել է նա:

Միևնույն ժամանակ, Գաբրիելյանը ընդգծել է, որ չի ժխտում իրական տնտեսական աճի գոյությունը

Նա նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանում տնտեսական վիճակագրության տարբերությունների վրա մինչև 2022 թվականը և դրանից հետո:

«Մինչև 2022 թվականը և դրանից հետո մեր տնտեսության վիճակագրությունը լիովին այլ բան է ցույց տալիս։ Մեր տնտեսական աճը, ըստ էության, պայմանավորված է նրանով, որ մեզ մոտ եկել են ավելի շատ մարդիկ և ավելի շատ գումարներ», – նշել է Գաբրիելյանը:

Նրա խոսքով, շուկայական գործոններով պայմանավորված տնտեսական հոսքերի կրճատումը սովորաբար տեղի է ունենում աստիճանաբար, ինչը թույլ է տալիս տնտեսությանը հարմարվել փոփոխվող պայմաններին:

«Փողերը, որպես կանոն, միանգամից չեն կտրվում։ Դդրանք կտրվում են կամաց-կամաց, և դա ունի որոշակի տնտեսական տրամաբանություն։ Սակայն, եթե տեղի ունենա ոչ տնտեսական միջամտություն, իրավիճակը կարող է փոխվել», – նշել է նա։

Գաբրիելյանը որպես նման միջամտության հնարավոր օրինակներ նշել է ռուս զբոսաշրջիկների դեպի Հայաստան ուղևորությունների դադարեցումը կամ երկրով տարանցիկ որոշակի ապրանքների տարանցման դադարեցումը։


«Եթե մենք ունենանք ոչ տնտեսական տրամաբանություն, դա մի օր կարող է կտրվել ։ Եթե ենթադրում ենք, որ դա տնտեսական տրամաբանությամբ է, և որպես այդպիսին քաղաքական միջամտություն այդ պրոցեսներին չկա, ապա դա անմիջապես չի լինում», – ասել է նա։

Գաբրիելյանը հավելել է, որ նման հոսքերի աստիճանական կրճատման դեպքում Հայաստանի տնտեսությունը որոշակի ժամանակ կունենա հարմարվելու համար, բայց այդ ընթացքում երկիրը կարող է կորցնել իր առկա տնտեսական հնարավորություններից մի քանիսը։

Leave a comment