Սև ծովում՝ Բուլղարիայի ափամերձ գոտում, առևտրային նավերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով նավերից մեկը խորտակվել է։ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևի հայտարարության համաձայն՝ Սոֆիան դիմել է ՆԱՏՕ-ին և Եվրոմիությանը, իսկ դաշինքը չի բացառել Սև ծովում պաշտպանական միջոցառումների ուժեղացումը։
Առաջին ահազանգը ստացվել է հոկտեմբերի 13-ի գիշերը Մալթայի դրոշի ներքո նավարկող ուկրաինական «Chelsea 3» նավից, որի վրա Բյալա քաղաքից 18 ծովային միլ հեռավորության վրա հարձակվել են երեք օդային ԱԹՍ-ներ։ Նավի անձնակազմի բոլոր 15 անդամները, որոնց թվում եղել են Ադրբեջանի 8 և Ուկրաինայի 7 քաղաքացիներ, փրկվել են, իսկ նավը խարիսխ է նետել Վառնայի նավահանգստում։ Փրկվածներից հինգը ստացել են թեթև վնասվածքներ։
Երկրորդ նավը՝ «Azov Concord»-ը (Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո), հարձակման է ենթարկվել Կրապեց բնակավայրից 17 ծովային միլ հեռավորության վրա և խորտակվել է։ Ըստ վերջին տվյալների՝ անձնակազմից 5 մարդ փրկվել է, իսկ 11-ը համարվում են անհետ կորած։
Բուլղարիայի վարչապետը նշել է, որ թեև ուղղակի ապացույցներ դեռ չկան, տրամաբանությունը հուշում է, որ տեղի ունեցածը ձեռնտու է Ռուսաստանին, և հայտնել է ՌԴ դեսպանին կանչելու մտադրության մասին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքն ուշադիր հետևում է իրավիճակին և Բուլղարիայի վարչապետի հետ քննարկումից հետո պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերանայել պաշտպանական դիրքերը Սև ծովում։