Բնակարանները, ցավոք, կամ, բարեբախտաբար, ՀՀ-ում թանկացել են. դա խոսում է երկրում տնտեսական ակտիվության մասին, հայտարարել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Արցախից տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովության խնդիրներին։
«Մենք առաջարկում ենք տներ փնտրել ոչ միայն Երևանում կամ Երևանամերձ համայնքներում, այլև այլ համայնքներում, որտեղ կա, օրինակ, 5 միլիոնի հնարավորություն»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել զբաղվածության և բնակչության տեղաբաշխման ապակենտրոնացման ուղղությամբ։
«Էստեղ է կենտրոնացած զբաղվածությունը, մեր քաղաքացիները էստեղ ավելի հեշտ են աշխատանք գտնում, բայց պետք է մտածենք ապակենտրոնացման մասին։ Մենք չենք կարող ամբողջ Հայաստանը բերել և երևանամերձ հատվածներում տեղավորել»,-ասել է Թորոսյանը։
Նա հավելել է, որ այս պահին արցախցիներին բնակարան ձեռք բերելու համար տրվող գումարի ավելացում չի նախատեսվում:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով մինչ այժմ ներկայացվել է 53,099 դիմում, որոնք վերաբերում են ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիներին: Այս տվյալները ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Փոխնախարարի փոխանցմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն արդեն ստացել է 45,098 մարդ։ Ներկայացված տվյալներում առանձին նշվել են 38,695 չափահաս և 14,344 անչափահաս անձինք։ Ղազարյանն ընդգծել է, որ քաղաքացիություն ստանալու գործընթացն առավել ակտիվացել է բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի ներդրումից հետո, երբ ծրագրից օգտվելու պարտադիր պայման է սահմանվել ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը։
Քննարկմանը մասնակցած «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը, ներկայացնելով արցախցիների շահերն ու նրանց հուզող հարցերը, ուշադրություն է հրավիրել պետական աջակցության ծրագրերից օգտվելու ընթացքում առաջացող դժվարություններին։
«Մանավանդ վերջին թանկացումների հետևանքով արցախահայությունը կանգնեց ավելի բարդ խնդրի առաջ, քանի որ սերտիֆիկատներով հնարավոր չէ այսօր տուն ձեռք բերել»,– նշել է նա։
Իսրայելյանը նաև անդրադարձել է Արցախում մնացած գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պաշտպանության խնդրին։ Նրա խոսքով՝ տեղահանված բնակչության զգալի հատվածի համար առաջնային նշանակություն ունի հայրենիքում թողած ունեցվածքի հետագա ճակատագիրը։
«Այսօր մենք միջազգային ատյաններում չենք կարողանում ապացուցել, որ այդ ունեցվածքի տերը մենք ենք։ Այն կարգավիճակը, որ մենք այսօր ունենք, դա այն չէ, մենք հստակ կարգավիճակ պետք է ունենանք` ինչից ենք մենք տեղահանվել։ Մենք չենք տեղահանվել երկրաշարժից, ջրհեղեղից, մենք բռնի ուժի կիրառմամբ տեղահանված ժողովուրդ ենք»,– ասել է Իսրայելյանը։
Ի պատասխան՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը պարզաբանել է, որ տեղահանված անձանց կարգավիճակին առնչվող հարցն արդեն կարգավորվել է կառավարության՝ 2023 թվականին ընդունած որոշմամբ, և իշխանություններն այն համարում են լուծված։
Միաժամանակ փոխնախարարն անդրադարձել է Արցախում մնացած սեփականության վերաբերյալ հնարավոր իրավական պահանջներին՝ ընդգծելով, որ դրանք յուրաքանչյուր քաղաքացու անհատական որոշման տիրույթում են։
«Ինչ վերաբերում է գույքային պահանջներին, ապա անհատական կարգով գույքային պահանջների հարցերը յուրաքանչյուր անձի որոշելիք խնդիրն է, մենք այդտեղ ընդհանրական որևէ դիտարկում չունենք»,– տեղեկացրել է փոխնախարարը։
Քննարկման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ևս ներկայացրել է կառավարության մոտեցումը՝ վկայակոչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում արտահայտած դիրքորոշումը։
Նախարարը հիշեցրել է վարչապետի այն միտքը, ըստ որի՝ Ղարաբաղից տեղահանված հայրենակիցները պետք է իրենց մշտական բնակության վայրը վերջնականապես գտնեն Հայաստանի Հանրապետությունում և ժամանակի ընթացքում որևէ տարբերություն չունենան այստեղ բնակվող մյուս քաղաքացիներից՝ ձեռք բերելով ՀՀ քաղաքացիություն։
Թորոսյանը միաժամանակ ընդգծել է, որ նման մոտեցումը չի սահմանափակում արցախահայության՝ միջազգային իրավական գործիքակազմի միջոցով սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորությունը։
Սակայն նա հստակեցրել է, որ Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում մասնակցել միջազգային կոնվենցիաների հիման վրա արցախցիների իրավունքների պաշտպանության այդ գործընթացին։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ընդամենը մեկ օրվա ընթացքում հայկական կողմն ունեցել է ավելի քան 240 զոհ։ Ռազմական գործողություններին հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը հարկադրված է եղել զանգվածաբար լքել իր բնակավայրերը և տեղափոխվել ՀՀ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց ընդհանուր թիվը կազմել է 115,365։