3 հարված, խափանումներ, դժգոհություններ, գների բարձրացում. Արամ Մխիթարյանը՝ Yandex-ի շուրջ ստեղծված իրավիճակի և կարգավորումների մասին

3 հարված, խափանումներ, դժգոհություններ, գների բարձրացում. Արամ Մխիթարյանը՝ Yandex-ի շուրջ ստեղծված իրավիճակի և կարգավորումների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՌԴ-ում տարբեր օրերի ԱԹՍ-ները հարվածել են 3 կենտրոնի, առաջին, երկրորդ հարվածի դեպքում կարելի է ասել այլ երկրներում նույնիսկ չի եղել որևէ խնդիր, բայց երեքն արդեն կրիտիկական է, մենք ստիպված ենք եղել տեղափոխել հաշվողական ռեսուրսներն արդեն մեր տվյալների այլ կենտրոններ, ինչի պատճառով էլ խափանումները եղել են»,-այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը:

Մխիթարյանը նշեց, որ նորմալ են վերաբերում օգտատերերի  անհանգստություններին. «Հիմա տաքսի հնարավոր է կանչել, մեքենան գալիս է, քարտեզները աշխատում են, տրանսպորտը աշխատում է, այսինքն՝ առաջին կարևորության բոլոր ծառայություններն աշխատում են: Մեր ծառայությունները մեր երկրի, քաղաքացիների կյանքի մասն են կազմում և այդ տեխնոլոգիաներն ուղղված են հենց մարդկանց ամենօրյա խնդիրների լուծմանը: Կարևոր է այն հանգամանքը, որ բավականին արագ է վերականգնումը կատարվել՝ հաշվի առնելով, թե ինչպիսի վնասներ ենք կրել»:

Անդրադառնալով գների բարձրացմանը՝ Արամ Մխիթարյանն ասաց. «Ցանկացած գին որոշվում է պահանջարկի և առաջարկի բալանսավորմամբ, եթե կա մեծ պահանջարկ և չկա առաջարկ՝ գործում է դինամիկ գնագոյացում, դա ստանդարտ մեխանիզմ է մեզ նման ընկերությունների համար, դա թույլ է տալիս բալանսի մեջ պահել գնագոյացումը: Խափանման արդյունքում ունեինք առաջարկի սակավություն, պահանջարկը բարձր է եղել և գները ժամանակավորապես եղել են բարձր: Գները ձևավորվում են բացառապես ավտոմատ, մարդկային գործոն այստեղ չկա: Այս պահին համակարգը ստաբիլ աշխատում է և գները կարգավորված են»:

Մխիթարյանի խոսքով՝ հասկանում են, որ շուկայում գերակա դիրք ունեն, այդ իսկ պատճառով նաև ունեն մեծ պատասխանատվություն. «Ցանկանում եմ նշել, որ ՀՀ օրենքները հնարավորինս  բաց են պահում շուկան մրցակցության համար, մենք էլ միշտ ողջունում ենք մրցակցությունը»:

Իսկ, թե արդյոք նմանատիպ դեպքերի պատճառով մարդիկ հնարավոր է այլ ծառայություններից օգտվեն՝ Մխիթարյանը նշեց. «Ամեն ինչ հնարավոր է, բայց կարծում եմ՝ մենք ունենք մեր հավատարիմ օգտատերերի շատ մեծ բանակ, որոնք մեր կողքին են, մենք դա տեսնում ենք նաև աջակցման կենտրոն ուղղված նամակներով, որ ըմբռնումով են մոտենում այս իրավիճակին»:

Ինչ վերաբերում է նմանատիպ իրավճակի հնարավոր կրկնությանը՝ նա ասաց. «Ոչինչ չեմ կարող բացառել, ամեն ինչ հնարավոր է: Հավատացնում եմ, որ բավականին մեծ ծավալի աշխատանքներ տարվել են ու տարվում են՝ հնարավորինս բացառելու նման դեպքերի կրկնությունը»:

Yandex Armenia-ի ղեկավարն անդրադարձավ նաև մեկ այլ կարևոր թեմայի՝ վարորդներից բողոքներին. «Ինչքան խնդիր կա վարորդների հետ, նույնքան էլ խնդիրներ ու բողոքներ կան վարորդների կողմից ուղևորների հետ կապված: Մենք տանում ենք շարունակական աշխատանք՝ որակի բարելավման ուղղությամբ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ մենք հանդիսանում ենք տեղեկատվական պլատֆորմ, ծառայությունը տրամադրում է ֆիզանձ վարորդը, այսինքն՝ մենք հնարավորություն ենք տալիս մեկ ֆիզանձին՝ ի դեմս ուղևորի գտնելու մեկ այլ ֆիզանձի, ով պատրաստ է տրամադրել ուղևորափոխադրում: Մեր բոլոր ուղևորներին հորդորում եմ հնարավորինս շատ օգտագործել գնահատման մեխանիզմը, քանի որ դա ամենամեծ ազդակն է, որ մենք ստանում ենք և դա թույլ է տալիս հնարավորինս կատարել որակի վերահսկում»:

Մխիթարյանի խոսքով՝ վարորդների հետ կապված բոլոր միջադեպերն ուսումնասիրվում են. «Կոպիտ սխալների դեպքում վարորդը կարող է թե՛ ժամանակավորապես, թե՛ ամբողջովին բլոկավորվել: Մենք ունենք շատ նման դեպքեր, դրանից զատ, եթե խոսվում է այնպիսի միջադեպերի մասին, որոնք իրենցից ներկայացնում են քրեական պատասխանատվություն, մենք սերտորեն աշխատում ենք նաև հատուկ մարմինների հետ, որպեսզի նման դեպքերը վեր հանվեն, ուսումնասիրվեն և մարդիկ ստանան իրենց պատիժը»:

 

Աննա Բզնունի

Leave a comment