2027 թվականին ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը կնշի իր գործունեության 10-ամյակը։ Հոբելյանական տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակում Հիմնադրամը հայտարարել է բաց մրցույթ՝ ինտեգրված հաղորդակցության և հանգանակության արշավի մշակման ու իրականացման, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում հարակից միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գրանցված և օտարերկրյա իրավաբանական անձինք՝ հաղորդակցության, բրենդինգի, մարքեթինգի, հանգանակության և միջոցառումների կազմակերպման ոլորտներում գործող ընկերությունները, որոնք կարող են ապահովել պահանջվող ծառայությունների ամբողջական և ժամանակին իրականացումը։
Ի՞նչ է ակնկալվում ընտրված կազմակերպությունից
Ընտրված կազմակերպությունը պետք է ապահովի նախագծի ռազմավարական, ստեղծագործական, արտադրական և կառավարման ամբողջական իրականացումը՝ գաղափարի մշակումից մինչև վերջնական արդյունքների ներկայացում։
Հայաստանի համար նախատեսված աշխատանքները ներառում են՝
- 10-ամյակի արշավի թեմայի, կարգախոսի, հիմնական ուղերձների և ժամանակացույցի մշակում,
- հանրային կապերի և մեդիա ռազմավարության իրականացում,
- անհատ և կորպորատիվ նվիրատուների ներգրավման ու պարբերական նվիրաբերությունների խթանման ռազմավարության մշակում,
- կորպորատիվ գործընկերությունների և հովանավորության փաթեթների մշակում,
- 3–4 րոպե տևողությամբ հոբելյանական տեսահոլովակի պատրաստում,
- 30–40 էջանոց հոբելյանական ներկայացուցչական հրատարակության մշակում և արտադրություն,
- Հայաստանում 10-ամյակին նվիրված հանգանակության միջոցառման գաղափարի մշակում և ամբողջական կազմակերպում,
- Սփյուռքի ուղղությամբ մասնակիցներից ակնկալվում է ներկայացնել հիմնավորված հաղորդակցության և հանգանակության ռազմավարություն՝ սկզբնական փուլում կենտրոնանալով ԱՄՆ-ի հայկական համայնքների վրա։ Առաջարկը կարող է ներառել նվիրատուների ընդունելություն, գալա-երեկո, համայնքային միջոցառում, կորպորատիվ կլոր սեղան կամ այլ նպատակահարմար ձևաչափ։
Հայաստանի և Սփյուռքի բաղադրիչները պետք է ներկայացվեն ու բյուջետավորվեն առանձին։
Մրցութային հանձնաժողովը կարող է յուրաքանչյուր բաղադրիչի համար ընտրել առանձին հաղթող կամ մեկ կազմակերպություն՝ երկու ուղղությունների իրականացման համար։
Ի՞նչ պետք է ներառի հայտը
Մրցութային հայտը պետք է ներառի՝
- ռազմավարական և ստեղծագործական առաջարկ,
- Հայաստան–Սփյուռք տարբերակված մոտեցում,
- թիրախային լսարանների և հիմնական հաղորդագրությունների նկարագրություն,
- հաղորդակցության և հանգանակության բաղադրիչներ,
- Հայաստանում և Սփյուռքում առաջարկվող միջոցառումների ձևաչափեր,
- կազմակերպության և նախագծում ներգրավվող թիմի ներկայացում,
- համապատասխան փորձը հավաստող պորտֆոլիո,
- առնվազն երկու պատվիրատուի երաշխավորագիր,
- մանրամասն ժամանակացույց և արդյունքների գնահատման ցուցանիշներ,
- Հայաստանի և Սփյուռքի աշխատանքների առանձին ֆինանսական առաջարկներ։
Հայտերը գնահատվելու են ռազմավարական մոտեցման և արշավի գաղափարի՝ 25%, ստեղծագործականության ու առաջարկվող գաղափարների որակի՝ 25%, համապատասխան փորձի և իրականացման կարողության՝ 20%, ինչպես նաև բյուջեի, ծախսարդյունավետության ու ժամանակացույցի՝ 30% չափանիշներով։
Հայտերի ներկայացման կարգը
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 2-ն է՝ ժամը 16:00-ն։
Հայտերը պետք է ներկայացվեն առձեռն՝ սոսնձված, կնքված և ստորագրված փակ ծրարով, հետևյալ հասցեով՝
ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, սենյակ 317, ԶԻՆԱՊԱՀԻ գրասենյակ։
Հայտերը պետք է կազմվեն և ներկայացվեն մրցութային հրավերով սահմանված պահանջներին համապատասխան։ Հրավերի բովանդակությանը չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման։
ԶԻՆԱՊԱՀ-ն ակնկալում է ոլորտի փորձառու կազմակերպությունների և մասնագիտական թիմերի հայտերը։
Մրցույթի պայմաններին, պահանջներին, գնահատման չափանիշներին և հայտերի ներկայացման ամբողջական կարգին կարելի է ծանոթանալ մրցութային փաստաթղթերում։
Փաստաթղթեր՝ հայերեն
Documents in English
Մրցույթի պայմաններին, պահանջներին, գնահատման չափանիշներին, հայտերի ներկայացման կարգին և մրցութային փաստաթղթերին ամբողջությամբ ծանոթանալու համար այցելեք ԶԻՆԱՊԱՀԻ պաշտոնական կայք։