Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի մասնակցի Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով Արցախում բռնի տեղահանված հայրենակիցների թողած գույքի վերականգնմանն ուղղված միջազգային իրավական հայցերին։ Ազգային ժողովում արցախցիների մասնակցությամբ ընթացող քննարկումների ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարի դիրքորոշումը հնչել է «Վերածնվող Արցախ» կազմակերպության ղեկավար Անաստաս Իսրայելյանի բարձրացրած մտահոգություններին ի պատասխան։
Իսրայելյանն իր ելույթում ընդգծել է, որ բռնի տեղահանված արցախցիները պետք է ունենան իրավական այնպիսի հստակ կարգավիճակ, որը նրանց հնարավորություն կտա միջազգային ատյաններում իրավական հայցեր ներկայացնել Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված իրենց տների, հողատարածքների և մասնավոր գույքի վերաբերյալ։ Նրա պնդմամբ՝ ներկայումս Հայաստանի իշխանությունների կողմից արցախցիներին տրամադրված իրավական կարգավիճակը թույլ չի տալիս արդյունավետորեն իրականացնել այդ գործընթացը։