Ադրբեջանում դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումը բողոքի ցույցերի և ձերբակալությունների պատճառ է դարձել, իսկ Ադրբեջանի բնակիչները զանգվածաբար հայտնել են Ինստագրամի և Տիկտոկի հասանելիության խափանումների մասին՝ դրանք կապելով դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ ծավալվող բողոքների հետ։
Ադրբեջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող երկու սոցիալական հարթակները՝ Ինստագրամն ու Տիկտոկը, հասանելի են դարձել հիմնականում VPN ծառայությունների միջոցով։ Օգտատերերը Ֆեյսբուքում բազմաթիվ հրապարակումներով ահազանգել են առաջացած սահմանափակումների մասին, հայտնում է BBC-ն:
Թղթակիցը փորձել է ստուգել տեղեկությունները՝ կապ հաստատելով իր ծանոթների հետ։ Ութ փորձից միայն մեկի դեպքում է հաջողվել մուտք գործել Տիկտոկ, մինչդեռ մյուս դեպքերում նշված սոցիալական ցանցերը հասանելի չեն եղել։
Օգտատերերի մի մասն ահազանգել է նաև Յութուբի աշխատանքի դանդաղման, Gmail էլեկտրոնային փոստ մուտք գործելու դժվարությունների և համացանցային կապի ընդհանուր խափանումների վերաբերյալ։
Ադրբեջանի պետական մարմինները դեռևս պաշտոնական պարզաբանումներ չեն ներկայացրել և չեն հաստատել սոցիալական հարթակների արգելափակման մասին տեղեկությունները։ Այդուհանդերձ, բազմաթիվ քաղաքացիներ ստեղծված իրավիճակը կապել են կառավարության ընդունած որոշման հետ, որը վերաբերում է հանրակրթական հաստատություններում հանդերձանքի կանոններին։
Ինստագրամում Ադրբեջանին վերաբերող հեշթեգով որոնումների առաջին արդյունքներում հայտնվել են հիջաբի թեմայով հրապարակումները։ Դրանց տարածումը պայմանավորված է դպրոցներում հիջաբով ներկայանալու արգելքով, որն առաջացրել է հասարակական դժգոհություն։
Սոցիալական ցանցերում հրապարակված մեկնաբանությունների զգալի մասում քաղաքացիներն իրենց անհամաձայնությունն են հայտնել սահմանափակման վերաբերյալ։ Մի շարք դպրոցներում կազմակերպվել են բողոքի գործողություններ՝ պահանջելով թույլատրել հիջաբ կրող աղջիկներին մասնակցել դասերին։ Բողոքի ակցիաներին միացել են նաև գլխաշոր չկրող աշակերտուհիներ և տղաներ։
Տարածված տեսանյութերից մեկում աղջիկը, դիմելով տեսախցիկի հետևում գտնվող անձանց և մատնացույց անելով դասասենյակների պատուհանները, բացականչել է. «Ձեր ընկերները փողոցներում են, իսկ դուք բոլորդ լռում եք»։
Մեկ այլ տեսագրությունում երեխաները վանկարկում են. «Հիջաբը չի խանգարում ուսմանը»։
Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, սակայն երկրի բնակչության ավելի քան 90 տոկոսը մահմեդական է։ Սեպտեմբերի 21-ին ընդունված կառավարության որոշման մեջ հիջաբի վերաբերյալ ուղղակի հիշատակում չկա։ Փաստաթղթով սահմանվել է, որ դպրոցական հագուստը պետք է համապատասխանի կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքին։
Նոր կարգավորումը տարածվում է ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների վրա։
Որոշման ընդունման պատճառների վերաբերյալ պարզաբանումներ չեն ներկայացրել ո՛չ Ադրբեջանի նախարարների կաբինետը, ո՛չ կրթության նախարարությունը։ Երկու գերատեսչություններն էլ անպատասխան են թողել Բի-բի-սիի ադրբեջանական ծառայության համապատասխան հարցումները։
Թվային զարգացման նախարարության մամուլի ծառայությունը նույնպես չի արձագանքել լրագրողների հեռախոսազանգին։ Դրանից հետո լրատվամիջոցը գրավոր հարցում է ուղարկել՝ փորձելով պարզել Ինստագրամի և Տիկտոկի աշխատանքի խափանումների պատճառները։
Ադրբեջանի իշխանությունները հայտնել են 37 անձի ձերբակալության մասին։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ այդ քաղաքացիները փորձել են խոչընդոտել դպրոցական հագուստի վերաբերյալ կառավարության որոշման կիրառմանը։
Իրավապահ մարմինների ներկայացմամբ՝ մայրաքաղաքում մի խումբ անձինք դպրոցական միասնական համազգեստի կանոնների կիրառման պատճառով կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծել կրթական հաստատությունների աշխատակիցների հետ։
Նրանց վերագրվել են նաև պետական կրթական հաստատություններին վնաս պատճառելու, հասարակական կարգը խախտելու, տրանսպորտային երթևեկությունը խոչընդոտելու և դպրոցների բնականոն աշխատանքը խաթարելու գործողություններ։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն առայժմ տեղի ունեցածի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ չի հրապարակել։
Բարձր դասարանների աշակերտներից պահանջվել է նաև սափրել մորուքները։ Մինչդեռ ընդունված իրավական կարգավորումներում մորուքների վերաբերյալ որևէ դրույթ նախատեսված չէ։
Ադրբեջանում դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումներ կիրառվել են նաև նախկինում։ Դեռևս 2011 թվականին կրթության նախարարության համապատասխան հրամանը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի։
Առավել խոշոր ակցիաները կազմակերպվել են իսլամական ամուր ավանդույթներով հայտնի Նարդարան ավանում, ինչպես նաև Բաքվում՝ կրթության նախարարության շենքի հարակից տարածքում։
Այդ ժամանակ ոստիկանությունը կոշտ գործողություններ է իրականացրել ցուցարարների նկատմամբ՝ ձերբակալելով բազմաթիվ մասնակիցների։ Նրանցից մի քանիսը հետագայում դատապարտվել են իրական ազատազրկման։
Ադրբեջանի իշխանությունների քննադատները պնդել են, որ երկրում երկար տարիներ հետևողական պայքար է իրականացվել քաղաքական իսլամի դեմ։ Խոսքը կրոնական այն շրջանակների մասին է, որոնք փորձել են ներգրավվել երկրի քաղաքական գործընթացներում, ստեղծել կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ։
Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մեծամասնությունը կրոնական խմբերի անդամներ են։
Իսլամի նկատմամբ վերաբերմունքի հարցը վերջին շրջանում տարաձայնությունների պատճառ է դարձել նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Թուրքիան բնութագրվում է որպես ավելի կրոնական երկիր, մինչդեռ Ադրբեջանը հաճախ ներկայացվում է որպես աշխարհիկ ավտոկրատիա։
Ադրբեջանի իշխանություններին քննադատող լրագրող Աֆղան Մուխթարլին համոզմունք է հայտնել, որ հիջաբի հարցն օգտագործվում է քաղաքական նպատակներով։
«Հիջաբը որևէ խնդիր չի ստեղծում, սակայն Իլհամին Ալիևին անհրաժեշտ է արմատական իսլամի կերպարը՝ սեփական իշխանությունն ամրապնդելու համար։ Իսկ Իրանի և Թուրանի մասին խոսակցությունները հեքիաթներ են»,- գրել է իշխանությունների քննադատ, լրագրող Աֆղան Մուխթարլին։
Մուխթարլիի գնահատմամբ՝ Ադրբեջանի ղեկավարությունը կրոնական թեման օգտագործում է որպես պատրվակ՝ հավատացյալների նկատմամբ հետապնդումները շարունակելու համար։
Նա նաև ենթադրել է, որ սոցիալական ցանցերի հնարավոր արգելափակման միջոցով իշխանությունները փորձում են կանխել հիջաբի արգելքի դեմ բողոքի գործողությունների տարածումն ու կազմակերպումը։
Իշխանամետ շրջանակները, հակառակը, կառավարության որոշման ընդունումից ի վեր պաշտպանել են սահմանափակումները՝ դրանք ներկայացնելով որպես երկրի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված քայլ։
Նրանց մեկնաբանությամբ՝ Ադրբեջանը ձգտում է նվազեցնել այլ պետությունների արտաքին ազդեցությունը և պաշտպանել սեփական հասարակական ու քաղաքական միջավայրը։
Թեև այդ դիրքորոշումը պաշտպանողները բացահայտ չեն մատնանշել առավել կրոնական հարևաններին՝ Իրանին և Թուրքիային, բազմաթիվ դիտորդներ ենթադրել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններն առաջին հերթին առնչվել են Թուրքիային։
Ալիևը վերջերս խոսել է արտաքին գաղափարախոսական միջամտություններին հակազդելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը հովանավորների կարիք չունի։
«Խորհուրդ կրթության հարցերով» հասարակական միավորումը նույնպես անդրադարձել է հիջաբի շուրջ ստեղծված իրավիճակին։
Կազմակերպությունը հայտարարել է, որ կրոնական զգացմունքների օգտագործումը քաղաքական նպատակներով անընդունելի է։ Նրա գնահատմամբ՝ հիջաբի թեմայով շահարկումները վնասում են երկրի կայունությանը, հանդուրժողականության մթնոլորտին և ազգային ու հոգևոր արժեքներին։
Միավորումը կոչ է արել ձեռնպահ մնալ այդ հարցը քաղաքականացնելու փորձերից։ Նմանատիպ դիրքորոշում է արտահայտել նաև քաղաքական մեկնաբան Ֆարհադ Մամեդովը։
«Կրոնական արժեքների շահարկումն անընդունելի է, քանի որ մեր երեխաները չեն կարող և չպետք է դառնան արտաքին կրոնական ազդեցության շահագործման առարկա։ Իսկ այդպիսի ազդեցություն գոյություն ունի, և այն նպատակաուղղված է»,- գրել է նա։
Մամեդովն իր հրապարակման մեջ ուղղակիորեն չի անվանել արտաքին ազդեցության աղբյուրը, սակայն մի քանի անգամ նկարագրել է Ադրբեջանի հարևան Իրանին՝ որպես կրոնի միջոցով նման ներգործություն իրականացնող պետություն։
Սոցիալական ցանցերի հասանելիության շուրջ առաջացած իրավիճակն առանձնակի նշանակություն է ստացել՝ հաշվի առնելով Ադրբեջանում դրանց լայն տարածվածությունը։
Թվային միջավայրի և համացանցի օգտագործման վերաբերյալ հետազոտություններ հրապարակող Datareportal վերլուծական հարթակի տվյալներով՝ Ադրբեջանի՝ 10 միլիոնից փոքր-ինչ ավելի բնակչության պայմաններում համացանցից օգտվողների թիվը հասել է 9․27 միլիոնի։
Ինստագրամի օգտատերերի թիվը գնահատվել է 4․25 միլիոն, իսկ Տիկտոկինը՝ 7․61 միլիոն։
Ֆեյսբուքը երկրում ունի մոտ 1․65 միլիոն օգտատեր, մինչդեռ մյուս բոլոր սոցիալական հարթակներից յուրաքանչյուրի լսարանը չի գերազանցում մեկ միլիոնը։